ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում տարածված հերթական տեսանյութը հիմնավորում է, որ հայ ռազմագերիներին խոշտանգելուց հետո սպանել են։ Ադրբեջանական զինուժը դարձյալ տեսանկարահանել է իր պատերազմական հանցագործության փաստը։
Պաշտպանի գրասենյակը տեղորոշել է վայրը եւ հաստատում է, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում Արտանիշի դիրքերից մեկում:
Գրիգորյանն ընդգծել է, որ տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ Այս փաստերը, ի թիվս այլ ապացույցների, հաստատվել են սույն թվականի հոկտեմբերի 4-ին հայրենադարձված հայ ռազմագերիների վկայություններով։
Նշված փաստերը մանրամասներով փաստաթղթավորվել են եւ կուղարկվեն միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու դերակատարներին:
Պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանական զինծառայողների իրականացրած ծանր հանցանքները շարունակում են անարձագանք մնալ, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու։ Գրիգորյանը շեշտել է, որ այս արարքները պետք է հստակորեն դատապարտվեն միջազգային իրավասու դերակատարների կողմից, միջազգային հանրությունը պետք է առավել հետեւողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից պատշաճ քննություն իրականացնել եւ հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն պատժել։
Հայ գերիներից երկուսին գնդակահարել են
Ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հոկտեմբերի 11-ին տարածված տեսանյութի վերաբերյալ հայտնել է, որ հայ զինծառայողներից երկուսին միանշանակ գնդակահարել են։
«Տեսանյութում երեւում է, որ երկու անձինք ողջ են, նրանց վիրավորումները համատեղելի են եղել կյանքի հետ, նրանք գերիներ էին ու պետք է անհապաղ բուժօգնություն ստանային։ Փաստերը պետք է ուսումնասիրվեն, բայց մենք կասկածում ենք, որ մեկ անձը, որն անշնչացած պառկած է, ոչ թե փոխհրաձգության հետեւանքով է զոհվել, այլ սպանվել է, գուցե գնդակահարվել է գերու կարգավիճակում»,- նշել է Սահակյանը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել:
Իրավապաշտպանը հայտնել է, որ տեսանյութում երեւացող ադրբեջանցի զինծառայողների համազգեստը նույնականացված է, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները։ Սահակյանն ասել է, որ Ադրբեջանը հայկական կողմին երեք զինծառայողի դի է փոխանցել՝ նրանց ներկայացնելով որպես մարտի դաշտում զոհված զինծառայողների։