Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ծանոթանալում է դրանց հետ:
Բայրամովը հավելել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան խաղաղության պայմանագրի եւ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքը։
Հայտարարված գաղտնազերծում՝ Պրահայի հայտարարությունից առաջ
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, իշխանական «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով «հավաստի աղբյուրին» եւ ի գիտություն Վեհափառ Հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության, հրապարակել է Հայաստանից Ադրբեջանի պահանջները։
Մերժողական պատասխան երկխոսություն սկսելու առաջարկին
Նույն օրը ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցում հրապարակված՝ Հայաստանից Ադրբեջանի պահանջներին վերաբերող նյութին: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ հրապարակումն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն սկսելու առաջարկին:
Ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը
ՀՀ Կառավարությունից հոկտեմբերի 7-ին հայտնել են, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Եվրոպական միության խորհրդի նախագահ Միշելի միջեւ քառակողմ հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: