Հոկտեմբերի 12-ին Աստանայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի վերաբերյալ։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորությունը։
Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման եւ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանն առնչվող խնդիրներին։ Նսխարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի միանշանակ դիրքորոշումը եւ աջակցությունը ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում:
Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման գործում եւ քննարկել, թե ինչ պետք է անել դրանց շուտափույթ իրագործման համար։
Լավրովը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկելու Հայաստանի տարածք, Ադրբեջանի հետ սահման: Դրա համար պահանջվում է միայն Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը։ Խորհուրդը պետք է գումարի ՀԱՊԿ նախագահը։
Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարեւորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։
Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաեւ երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։