Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Համաշխարհային տնտեսության 2023-ի համար կանխատեսվող աճը՝ հասցնելով 2,7 տոկոսի։ Հուլիսին համաշխարհային ՀՆԱ-ի աճը գնահատվել է 2,9 տոկոս։ Եվրագոտում ՀՆԱ-ի աճը կամ տնտեսական աճը կլինի 0,5 տոկոս։
Մասնագետները նշում են, որ ամենավատը դեռ առջեւում է, եւ մարդկության համար 2023-ը կլինի անկման տարի։ «Հիմա դեռ ամպրոպից ու որոտից առաջ ամպերի կուտակման ժամանակահատվածն է»,- հայտարարել է ԱՄՀ հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Պյեր Օլիվյե Գուրինշը՝ քաղաքական որոշում ընդունողներին հորդորելով հանդարտություն պահպանել։
ԱՄՀ-ում նաեւ հայտարարել են, որ ընթացիկ գնահատումներն ու կանխատեսումները առանձնապես հուսալի չեն, քանի որ Համաշխարհային տնտեսության ապագան խիստ կախված է կենտրոնական բանկերի դրամական քաղաքականությունից, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից, կորոնավիրուսային համավարակի հետագա ընթացքից (սա հատկապես արդիական է Չինաստանի համար)։
Գերմանիան, օրինակ, այս տարի կունենա 1,5 տոկոսանոց աճ, հաջորդ տարի՝ 0,3 տոկոսանոց անկում։ Իտալիայի համար հաջորդ տարի տնտեսական անկումը կկազմի 0,2 տոկոս։
Ռուսաստանում այս տարի տնտեսական անկումը կլինի 3,4 տոկոս, բայց հաջորդ տարի իրավիճակը որոշակիորեն կբարելավվի, եւ կրճատումը 2,3 տոկոս կլինի։
Բելառուսում այս տարի տնտեսական անկումը կլինի 7 տոկոս, իսկ հաջորդ տարի 0,2 տոկոսանոց աճ կունենա։
Ամենաբարդ իրավիճակում թերեւս կհայտնվի Ուկրաինան։ Վերջինիս տնտեսությունն այս տարի կկրճատվի 35 տոկոսով։ Բացի դրանից՝ Ուկրաինայում անորոշությունը գնահատվել է չափազանց բարձր, որով պայմանավորված՝ հաջորդ տարվա համար ԱՄՀ մասնագետները խուսափել են կանխատեսումներ անելուց։
ԱՄՆ տնտեսությունը այս տարի կունենա 1,6 տոկոսանոց աճ, իսկ հաջորդ տարի՝ 1 տոկոսանոց աճ։
Սղաճն այս տարվա երրորդ եռամսյակին կհասնի 9,5 տոկոսի, հաջորդ տարի նույնպես բարձր կլինի, սակայն 2024-ին սպառողական գները կնվազեն մինչեւ 4,1 տոկոսի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը