Հայաստանում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է 10-օրյա մարդահամարը:
Սա Հայաստանի անկախության պատմության մեջ երրորդ մարդահամարն է: Հայաստանում մարդահամար անցկացվել է 2001 եւ 2011 թվականներին:
Այս տարի մարդահամարի համար առաջին անգամ օգտագործվելու է համակցված եղանակը: Հիմնական կարեւոր չոր թվերը ստացվելու են վարչական ռեգիստրից՝ ազգություն, քաղաքացիություն, տարիք: Այնուհետեւ հարցեր են ուղղվելու նաեւ քաղաքացիներին:
Կատարվելու է ընտրանքային հարցում՝ 25 տոկոսի չափով: Այսինքն՝ հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն, պլանշետի միջոցով լրացնելու է էլեկտրոնային հարցաթերթը: Առաջին անգամ է, որ մարդահամարն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:
Կհավաքվեն տվյալներ նաեւ մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներառված են լինելու 39 հիմնական հարց եւ տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ եւս 5 հարց: Մարդահամարի արդյունքները պատրաստ կլինեն 1 տարի անց:
Վերջին մարդահամարը Հայաստանում անցկացվել է 11 տարի առաջ` 2011-ին։ Դրա տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 միլիոն 871 հազար 509 է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 2 միլիոն 961 հազար 900 մարդ: Նրանցից 1 միլիոն 564 հազար 500-ը կին են, 1 միլիոն 397 հազար 400-ը՝ տղամարդ: Քաղաքներում բնակվում է 1 միլիոն 890 հազար 200, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 71 հազար 700 մարդ: