Եվրոպական էներգետիկ ճգնաժամի պայմաններում Ֆրանսիան սկսել է գազ մատակարարել Գերմանիային։ Հոկտեմբերի 13-ից ֆրանսիական գազը մատակարարվում է երկու երկրների միակ հանգուցային կետով, որը Սաարի դաշնային երկրամասի Նիդերգայլբախ բնակավայրի մոտ է։ GRTGaz գազային օպերատոր ընկերությունում հայտարարել են, որ սա Բեռլինի հանդեպ համերաշխության ժեստ կարելի է համարել։ Ըստ գազային օպերատոր ընկերության տարածած հաղորդագրության՝ առաջին փուլում ամենօրյա ռեժիմով Ֆրանսիան 31 գիգավատտ/ժամ գազ կմատակարարի Գերմանիային։ Մատակարարումների առավելագույն հնարավորությունը օրական 100 գիգավատտ/ժամ է։
Երկու երկրների միջեւ առկա խողովակաշարային մագիստրալը կառուցված է այնպես, որ նախատեսում է ոչ թե Ֆրանսիայից գազի մատակարարում Գերմանիա, այլ հակառակը՝ Գերմանիայից գազի մատակարարում Ֆրանսիա։ Այժմ մատակարարումն իրականացնելու համար որոշ տեխնիկական փոփոխություններ են արվել:
Ֆրանսիան Գերմանիային մատակարարված գազի դիմաց ստանալու է այդ գազից Գերմանիայում արտադրված էլեկտրաէներգիա, քանի որ իր ատոմային էլեկտրակայանների արտադրողականությունը զգալիորեն նվազել է։ Փարիզում հույս ունեն, որ Գերմանիայի մատակարարած էլեկտրաէներգիայի հաշվին կկարողանան հաղթահարել ձմեռվա ճգնաժամային ամիսները։ Ֆրանսիայի իշխանությունները նաեւ մտադիր են վերագործարկել ատոմային էլեկտրակայանները՝ սպառման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակն ապահովելու համար։
Ֆրանսիայի 56 ԱԷԿ-երից այժմ աշխատում է միայն 30-ը։ Մնացածը տեխնիկական սպասարկում են անցնում։ Սակայն առաջիկա շաբաթներին աշխատող ԱԷԿ-երի թիվը կդառնա 40, հունվարին՝ 46։
Պատրաստեց Արման Գրիգորյանը