Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ասիայում փոխգործության եւ վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին թվիթերյան գրառման մեջ նշել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության եւ Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին։
«Մերժվում է նաեւ ցանկացած պատրվակով եվրոպական ռազմական ներկայություն։ Արեւմուտքը չի կարող մեզ շեղել Իրանի ժողովրդի ռազմավարական շահերից։ Մենք եվրոպական ռազմական ներկայություն եւ միջազգային սահմանի փոփոխություն չենք հանդուրժի»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ հայտնել է Ջամշիդին։