Դումանյան Վահրամը խառը երազ տեսավ. ռուս հայտնի սելեկցիոներ Միչուրինը խնձորի վրա տանձ էր պատվաստել, հետո նույն ճյուղին՝ քնքուշ բալ եւ մի նոր միրգ էր ստացել։ «Բայց սա լավ միտք է»,- մտածեց Դումանյան Վահրամն ու վազեց շեֆի մոտ.
-O՜, վսեմաշուք շեֆ, մեր ստնտու հայր, տիեզերքի կենտրոն, անմար արեգակ,- էս բառերը վերջերս էր սովորել իր մի տեղակալից, թե չէ էդքան բառապաշար իրեն որտեղի՞ց,- բուհերի օպտիմալացման ձեր հանձնարարականի առիթով մի բան եմ մտածել. տանձը պատվաստում ենք խնձորին, ապա ավելացնում քնքուշ ու սիրունատես բալը…
-Ի՞նչ բալ, ի՞նչ խնձոր, տաքություն ունե՞ս, արա…- ճչաց «վսեմաշուք Արեգակը»։
-Կներեք, օ՜ ճաճանչափայլ ակունք իմաստության, երազս էի պատմում։ Ուզում եմ ասել… Ըըըը… ֆիզկուլտ ինստիտուտը… Ըըը… Միացնում ենք մանկավարժականին, վրան ավելացնում … Ըըը… Բրյուսովը։ Հետո երեքին միասին տեղափոխում Աշտարակ։ Կարող ա Աշտարակում մի քիչ նեղվածք ստացվի, բայց դե, ժողովուրդը ո՞նց է ասում՝ «մինչեւ քեզ նեղություն չտաս, ուրիշին լավություն չես անի»։ Իրենց նեղություն տալ՝ մեզ լավություն անելը նկատի ունեմ, էլի։ Դրանց Աշտարակ ուղարկելուց հետո հոյակապ շենքեր են ազատվում… Քաղաքի կենտրոնում…
-Բա կրթության որա՞կը,- մեջ ընկավ վարչապետի տասներեքերորդ օգնականը, որ ակամա լսում էր զրույցը։
-Ի՞նչ կրթության որակ, ա՛յ ջահել, ի՞նչ կապ ունեն կրթությունն ու որակը, տե՛ս՝ քանի շենք ա ազատվում քաղաքի կենտրոնում,- աչքերը փակ ու երանությամբ կրկնեց Դումանյանը,- հո էդ շենքերը պարապ չե՞ն մնա…
***
Հայտնի «հավաստի աղբյուրը» հավաստիացնում է, որ համարյա էսպես էլ եղել է։ Եվ ես հավատում եմ «հավաստի աղբյուրին», քանզի որեւէ տրամաբանական բացատրություն չկա այն նախագծին, որով նախատեսվում է բուհերի օպտիմալացման պատրվակով Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին միացնել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը եւ Բրյուսովի անվան պետական համալսարանը։
Որոշել էի չլրջացնել դումանյանական այս անհեթեթ սելեկցիայի թեման, որովհետեւ անիմաստ է լուրջ խոսել անհամատեղելի բուհերն իրար միացնելու փորձերի մասին։ Սակայն ԿԳՄՍ նախարարի բարձր պաշտոնը զբաղեցնող սույն անձը երեկ՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, մի քանի, մեղմ ասած, մոլորեցնող հայտարարություն արեց, որին չանդրադառնալ չի կարելի։
Առաջին՝ խոսեց ստեղծվելիք բուհի անվան մասին, բայց էդպես էլ հայերեն մի հոդաբաշխ միտք չկարողացավ արտահայտել։ Ինչ-որ «կրթական գիտությունների ինստիտուտ» բառակապակցություն օգտագործեց։ Ապա ասաց, որ Բրյուսովն էլ սկզբնապես օտար լեզուների մանկավարժներ պատրաստող ինստիտուտ է եղել։ Մարդն ընդգծեց իր անտեղյակությունը՝ ասելով, դե հա հետո այլ մասնագիտություններ են ավելացել։ Եվ միայն «սերվիս» անունը տվեց։
Ստիպված եմ ճշտել սույն անտեղյակ պարոնի համար, որ մանկավարժական բլոկը այսօր Բրյուսովում կրթական ծրագրերի մոտ 15 տոկոսն է կազմում։ Բրյուսովը տարբեր ոլորտների (սերվիսից մինչեւ տուրիզմ, թարգմանչությունից մինչեւ լեզվաբանություն, լրագրությունից մինչեւ քաղաքագիտություն) մասնագետների է պատրաստում։ Եվ հենց մի քանի լեզվի տիրապետող մասնագետների պատրաստմամբ է տարբերվում մնացած բուհերից։ Եվ եթե անունը դնում եք «կրթական ինչ-որ բան» (այդպես էլ հոդաբաշխ չհնչեցրեց), ապա ո՞նց եք տեղավորում բազմալեզու թարգմանիչների, քաղաքագետների, միջազգայնագետների եւ այլ մասնագետների կրթական ծրագրերը։
Դումանյանը հիշյալ ճեպազրույցում ասում է՝ մնալու են իրենց շենքերում, իրենց տեղերում եւ այլն։ Նա չի պատասխանում հասարակ հարցի՝ Բրյուսովի եւ մանկավարժականի՝ գործունեությամբ մոտ կամ կրկնվող ստորաբաժանումները էդպես առանձին էլ մնալո՞ւ են։ Եվ երբ ասում է, թե միայն երկու ռեկտոր է կրճատվելու, մեղմ ասած՝ մոլորեցնում է։ Դրանից զատ այլ կրճատումներ էլ են լինելու, որովհետեւ չի կարող նույն բուհում երկու միատեսակ կառուցվածքային ստորաբաժանում լինել (օրինակ՝ Բրյուսովի փիլիսոփայության եւ պատմության ամբիոնը եւ մանկավարժականի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնը)։ Հետեւաբար՝ ամբիոնների ու ֆակուլտետների միավորելու հարց էլ է առաջանալու։ Այսինքն՝ նաեւ անձնակազմներ (ամբիոնների վարիչներ, դեկաններ, նրանց աշխատակիցներ) են կրճատվելու։ Ստացվե՞ց, որ նախարարը մոլորեցնում է (տեսա՞ք՝ ինչ մեղմ ասացի, դաստիարակությունս թույլ չտվեց ասել՝ ստո՛ւմ է)։
Դումանյանի մյուս անհեթեթ մտքերին (եթե նրա բերանից թռած անհոդաբաշխ բառերի շարանը կարելի է միտք անվանել) անդրադառնալն իմաստ չունի, որովհետեւ այս միավորման նպատակը հայտնի է ի սկզբանե։ Փաշինյանական իշխանությունն ամեն ինչ վերահսկելու ցանկություն ունի (վկա՝ «մեծ սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում ապաբարո եղանակով նշանակելը), ուստի օպտիմալացում կոչվածն էլ ոչ մի կապ չունի բարձրագույն կրթության որակի բարձրացման հետ։ Նպատակը մեկն է՝ ունենալ քիչ բուհեր, որպեսզի ռեկտորներին եւ նրանց միջոցով ուսանողությանը վերահսկելը հեշտ լինի։ Ինչն ակամա խոստովանեց նաեւ նախարարը՝ ասելով, թե երեքից մնալու է միայն մեկ ռեկտոր։
Եվ վերջում. եթե Միչուրինի գիտափորձերի շնորհիվ բազմաթիվ համով եւ գեղեցիկ մրգեր են ստացվել, ապա կրթության ոլորտի նորօրյա «Միչուրինների» սույն սելեկցիան որեւէ դրական արդյունք չի ունենալու։ Դա ընդամենը դումանյանական երազախաբություն է։ Իսկ երազախաբությունից ոչ մի բան չի ծնվում։ Եվ ինչքան շուտ դումանյաններն ազատվեն այդ երազախաբությունից, այնքան լավ ե՛ւ կրթության, ե՛ւ գիտության համար։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։