Bloomberg Media համաշխարհային առաջատար մեդիա-վերլուծական խումբը հրապարակել է հետազոտություն, որում ուսումնասիրվում են Վրաստանի առաջատար ներդրումային սեկտորները, կայուն տնտեսական վիճակը, հասանելիությունը որակավորում ունեցող աշխատուժի նկատմամբ, կառավարական արտոնությունները արտասահմանյան ներդրողների համար, բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական հարցերը։
Այս բոլոր սեկտորների ուսումնասիրությունից պարզվել է, որ Վրաստանը ներդրողների համար առավել պոպուլյար ուղղությունների մեջ գրավում է 13-րդ տեղը համաշխարհային այնպիսի խոշոր տնտեսությունների շարքում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը։
Bloomberg Media Studio-ի հետազոտությունից պարզ է դառնում, որ ավելի քան 4 հարյուր առաջատար միջազգային ներդրողներ դիտարկում են առաջիկա երեք տարիներին Վրաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունը։
Ընդ որում՝ Վրաստանի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող ներդրողների 70 տոկոսը լավատեսորեն է վերաբերվում վրացական տնտեսությանը, ինչը նկատելիորեն գերազանցում է միջին գլոբալ ցուցանիշը, որը 55 տոկոս է։
Բացի այդ՝ Վրաստանով հետաքրքրված ներդրողների 44 տոկոսը լավ իրազեկված է այդ երկրի ուժեղ կողմերի, այդ թվում նաեւ՝ ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրքի, «կանաչ էներգիայի» նկատմամբ հասանելիության, որակավորում ունեցող եւ մրցունակ աշխատուժի մասին։
Ներդրողների 23 տոկոսը դիտարկում է 100-200 միլիոն դոլարի շրջանակում առանձին ներդրումային նախագծի իրականացումը։ Ուսումնասիրությանը մասնակցել են աշխարհի 15 առաջատար երկրի 3351 խոշոր ընկերությունների ղեկավարներ, որոնք իրավունք ունեն որոշելու իրենց ընկերության արտասահմանյան ներդրումների ռազմավարությունը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը