Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում պետությունների ղեկավարները նախ նեղ կազմով քննարկում կանցկացնեն, այնուհետեւ նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում միաժամանակ մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Լավրովն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ հանդիպման ընթացքում ակնկալում է քննարկել երկրների ղեկավարների 2020 եւ 2021 թվականների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։
«Քանի որ ժամանակն արագ է շարժվում, իրադարձությունները բավական արագ են զարգանում, ես կարծում եմ որ այսօր շատ հարմար առիթ է շփվելու այդ թեմայի շուրջ եւ տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին այն պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, որոնք նրանք ստորագրել են»,- ասել է Լավրովը՝ բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ այս տարվա մայիսին եռակողմ ձեւաչափով վերջին հանդիպումից հետո զգալի թվով շփումներ են տեղի ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:
«Ինձ թվում է՝ այս տեսանկյունից օգտակար կլիներ խոսել, քննարկել հարցերը, այն զարգացումը, որ եղել է այս ժամանակահատվածում։ Առնվազն մեր կողմից մենք հատուկ ուշադրություն կդարձնենք հետկոնֆլիկտային կարգավորման այն չափման վրա, որի համար անմիջականորեն պատասխանատու են արտգործնախարարները. դրանք խաղաղ պայմանագրի հարցերն են, որոնց շուրջ մենք վերջերս հանդիպում ունեցանք»,- ասել է Բայրամովը։
Նա հավելել է, որ օգտակար կլինի բանակցել նաեւ խաղաղ կարգավորման այլ հարցերի շուրջ, որոնց թվում են սահմանազատման, հաղորդակցությունների բացման հարցերը, ինչպես նաեւ հումանիտար բնույթի հարցեր:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ երեք երկրների նախագահների եռակողմ հայտարարությունների հունով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու համար: