Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Հայաստան կժամանի ԵՄ դիտորդների խումբը։
«Այսօր ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երեւան։ 27 անդամ երկրներն արագ արձագանքել են Հայաստանի խնդրանքին։ Տեղակայման նպատակը լինելու են իրավիճակի մշտադիտարկումը և տեղում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցության տրամադրումը կայունացման նպատակով»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը:
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել էր, որ Եվրոպական միությունից տեխնիկական խումբ է ժամանելու հոկտեմբերի 13-ին։
ԵՄ-ի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահման առաքելություն ուղարկելու որոշում ընդունելու մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին հայտնել էր նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Ըստ նրա՝ իրեն տեղեկացրել են, որ ԵՄ-ն fact-finding առաքելություն (փաստերի հավաքագրման առաքելություն) ուղարկելու որոշում ունի:
Նախօրեին ուշ երեկոյան դիտորդների խմբի ժամանման մասին հայտնել էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը: Նա նշել էր, որ Եվրամիությունը պատրաստվում է իր դիտորդական առաքելությունը տեղակայելու Հայաստանում` հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
«1988-ից` հակամարտության սկզբից ի վեր, առաջին անգամ Ֆրանսիայի եւ ԵՄ նախաձեռնությամբ տեղում կհաստատվի միջազգային ներկայություն: Այս առաքելության մասին հայտարարվել է Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ավարտին»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր դիվանագետը: