ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերելու ուժերը Հայաստանի բռնազավթված տարածքներից եւ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին։
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ համազեկուցողները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ։
«Այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, Ադրբեջանի զինված ուժերը բռնազավթում են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը եւ, Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն, հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունները»,- գրված է համազեկուցողների տարածած հայտարարությունում։