Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2022-ին Իրանի տնտեսական աճը, չնայած դրա նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցներին, կլինի 3 տոկոս։ Արդեն երրորդ տարին անընդմեջ իրանական տնտեսությունը դրական աճ է գրանցում։ ԱՄՀ-ն հայտնել է նաեւ, որ Իրանում սղաճի մակարդակը եւ ընթացիկ հաշիվների բալանսը կբարելավվեն։
«Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում ԱՄՀ վերլուծաբանները նշել են, որ այս տարի Իրանի Իսլամական Հանրապետությունում սղաճի մակարդակը նույնիսկ կբարելավվի։ Այսպես, եթե 2021-ի համար այն կանխատեսվել էր 40,1 տոկոս, այս տարվա համար նշվել է, որ ոչ միայն չի աճի, այլեւ կնվազի անցյալ տարվա համեմատ եւ կլինի 40 տոկոս՝ որոշակի բարելավում արձանագրելով։
Իրանական ընթացիկ հաշիվների հաշվեկշիռը անցյալ տարվա համեմատ այս տարի կկրկնապատկվի, ինչը լավ ցուցանիշ է պատժամիջոցների ենթարկված իրանական ազգային տնտեսության համար։ Մասնավորապես, անցյալ տարի Իրանի ընթացիկ հաշիվների սալդոն եղել է ՀՆԱ-ի 0,6 տոկոսը, իսկ այս տարի՝ 1,6 տոկոսը։
Իրանի տնտեսական աճը վերջին անգամ բացասական արդյունք գրանցել է 2019-ին։ Այդ ժամանակ Իրանի տնտեսությունը կրճատվել էր 3,1 տոկոսով՝ Իսլամական Հանրապետության հանդեպ ԱՄՆ գործի դրած առավելագույն ճնշման հետեւանքով։ Իրանը, սակայն, արդեն 2020-ին տնտեսական անկումից դուրս էր եկել, եւ, կորոնավիրուսային համավարակին հակառակ, սկսել դրական տնտեսական աճ գրանցել։
Պատրաստեց Արման Գրիգորյանը