Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով միջանցք բացելու նախագծի իրականացմանն առնչվող որեւէ խնդիր չի տեսնում: Նա նշել է, որ Պրահայում նեղ մասնագիտական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Դրանից հետո, իհարկե, պատվիրակությունների մակարդակով հանդիպում ունեցանք ու քննարկեցինք այդ հարցերը։ Բայց ես Զանգեզուրի միջանցքի առնչությամբ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- Աստանայից վերադառնալիս ասել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնել Թուրքիայի եւ Հայաստանի տարածքներում:
«Կարգավորման շուրջ մեր չորս հանդիպումները, ցավոք, տեղի են ունեցել երրորդ երկրներում։ Պրահայում մեր նախագահի եւ Փաշինյանի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումներ անցկացնելու Թուրքիայի եւ Հայաստանի տարածքներում»,- ասել է Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ։
Թարմացում
Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությանը հայտնել է, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Հունանյանը հավելել է, որ հնչել են տարբեր առաջարկներ՝ ներառյալ սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները։