Ըստ գերմանական ARD հեռուստառադիոընկերության՝ Շվեդիան, Դանիան եւ Գերմանիան հրաժարվել են «Հյուսիսային հոսքում» տեղի ունեցած դիվերսիայի համատեղ հետաքննությունից։ Այժմ երկրներից յուրաքանչյուրը սեփական հետաքննությունը կանցկացնի։
«Շվեդիան, Դանիան եւ Գերմանիան ցանկանում էին համատեղ հետաքննել խողովակաշարերի ոչնչացումը, պարզել, թե ով է պատասխանատու դրա համար։ Սակայն դա, այնուամենայնիվ, տեղի չի ունենա»,- հայտնել է ARD-ն։
Ըստ հեռուստառադիոընկերության՝ համատեղ քննչական խումբն այլեւս գոյություն չունի։ Լրատվամիջոցների տվյալներով՝ համատեղ քննչական խմբի կազմից սկզբում դուրս է եկել Շվեդիան, որտեղ մտահոգություններ ունեն գաղտնիության առումով, այնուհետեւ՝ Դանիան։
Սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի եւ Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք-1»–ում եւ մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք-2»–ում։ Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։
«Հյուսիսային հոսք-1»-ի օպերատոր «Nord Stream 2 AG»–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Կրեմլը տեղի ունեցածը որակել է «աննախադեպ դիվերսիա, ըստ էության միջազգային ահաբեկչություն»։
Հոկտեմբերի 3-ին «Գազպրոմը» հայտնել է, որ գազամուղների վնասված հատվածներում ճնշումը կայունացել է, գազի արտահոսքերը դադարել են, «Հյուսիսային հոսք–2»-ի եւս մեկ ճյուղից գազը դուրս է մղվում դրա ամբողջականությունը ստուգելու համար: Շվեդիայի առափնյա պահպանությունը նույն օրը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ից «փոքր» արտահոսքը շարունակվում է եւ նույնիսկ փոքր-ինչ ավելանում։
«Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից, Արեւմուտքի պատժամիջոցներով պայմանավորված, «Siemens» տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։ Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021-ին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք–2»–ը եւս արդեն լցված էր գազով։
ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։