Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը քաղաքական շահերի հասնելու նպատակով։ Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեեւ եռակողմ հայտարարությունում խոսվում է բոլոր գերիների անհապաղ փոխանակման մասին։
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները` որպես բարի կամքի դրսեւորում։ Մինչդեռ Ադրբեջանը դրանից հետո հայտարարել է, որ այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: Քարտեզները ստանալուց հետո Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետեւանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։
Փաշինյանը նշել է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմից անհայտ կորած է համարվում 777 մարդ, երկրորդ պատերազմից՝ 217 մարդ, որից 196-ը զինվորականներ են, 21-ը՝ քաղաքացիական անձինք։
«Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցելու անհայտ կորածների խնդրի ողջ սպեկտրում եւ արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հարյուրավոր զոհերի աճյուններ»,– ասել է
ՀՀ վարչապետը շեշտել է, որ ադրբեջանական կողմը 30 տարի մերժում էր ականազերծման կամ որեւէ այլ մարդասիրական գործունեության ոլորտում համագործակցության առաջարկները, եւ իր անհայտ կորած քաղաքացիների կամ ականների մասին հիշել է միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց խոսել ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների, Ադրբեջանում ապօրինի պատանդ պահվող հայ ռազմագերիների մասին։
Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերումը, իսկ մեր մի քանի զինվորների աճյունները դեռեւս միջդիրքային գոտիներում են՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում: Պայմանավորվածություն կա մոտ օրերս կազմակերպելու դիերի դուրսբերումը: Փաշինյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը չի խոչընդոտի այդ պայմանավորվածության իրականացումը։