Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը հայտնել է, որ սեպտեմբերի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է եկել 97000 մարդ։ Ռուսաստանցի զբոսաշրջիկների թվով ռեկորդային է օգոստոսը, երբ Հայաստան ժամանածների թիվը հասել է 135000-ի։
Զբոսաշրջիկների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդը` Իրանը, այնուհետեւ՝ ԱՄՆ-ը եւ Գերմանիան։
2022-ի 9 ամսում Հայաստան է ժամանել 1 միլիոն 240 հազար զբոսաշրջիկ, որոնց 46 տոկոսը կամ 567 հազար 429–ը` ՌԴ-ից։
Հայաստանը եւ Վրաստանը՝ տարանցիկ երկրներ
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ ռուսաստանցիների համար Վրաստանն ու Հայաստանը միջանցք են դեպի Եվրոպա: Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են հարեւան երկրներ. նրանցից շատերը ծրագրում են այնտեղից տեղափոխվել Եվրոպա։ «Ալիք Մեդիա Վրաստանը» նշել է, որ ռուսական Forbes-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ռուսների՝ երրորդ երկրներ մեկնելու եւ այնտեղից եվրոպական կացության թույլտվության համար դիմելու մասին։
Հոդվածում նշվում է, որ ՌԴ քաղաքացիների մեծամասնության ընտրությունը կանգ է առել Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների վրա. նրանք հիմնականում մեկնել են Վրաստան, Ղազախստան, Թուրքիա եւ Հայաստան։ Շտապ հեռացած ռուսները խնդրի առաջ են կանգնել. ճանապարհը դեպի ԵՄ շարունակելու համար նրանք այժմ պետք է երրորդ երկրում կացության փաստաթղթեր ստանան։
Եվրոպա գնալու ճանապարհին ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու ամենահարմար տարբերակներն են Հայաստանը, Վրաստանը եւ Ղազախստանը։ Պարբերականը նշել է, որ, օրինակ, Ղազախստանից հնարավոր չէ դիմել Պորտուգալիայում բնակության թույլտվության համար, իսկ Վրաստանից Պորտուգալիայում կացության թույլտվություն ստանալու համար դիմումը պետք է ուղարկվի Թուրքիայից: