Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի իրականացրած հայ ռազմագերիների սպանությունը 2022-ի սեպտեմբերին երկու երկրների միջեւ բախումների ժամանակ պատերազմական հանցագործություն է, որի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Կառույցը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որում երեւում է ադրբեջանական ուժերի իրականացրած առնվազն յոթ հայ ռազմագերիների գնդակահարությունը: «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է»,– ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Նա ընդգծել է, որ զինվորները գերի էին ընկել եւ վայր դրել զենքերը, եւ գերեվարողները պարտավոր էին նրանց մարդասիրաբար վերաբերվել, փոխարենը, ակնհայտորեն ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարել են նրանց։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Human Rights Watch-ը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության սկսած հետաքննությունն արդյունավետ լինի եւ պատասխանատվության ենթարկի մեղավոր զինվորներին ու հրամանատարներին:
Human Rights Watch-ը մի շարք տեխնիկաների միջոցով ստուգել է 40 վայրկյան տեւողությամբ տեսանյութը, խորհրդակցել զենքի եւ բժշկական փորձագետների հետ՝ վերլուծելով տեսանյութում լսվող լեզուն եւ օգտագործելով հակադարձ որոնման պատկերների համակարգեր՝ պարզելու, թե արդյոք տեսանյութը տեղադրվել է առցանց մինչեւ սեպտեմբերի կեսը։
Առողջապահության եւ մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, Կալիֆոռնիայի համալսարանի հանրային առողջության դպրոցի դոցենտ պրոֆեսոր Ռոհինի Հաարը Human Rights Watch-ին ասել է, որ կայուն մոտ հեռավորությունից ավտոմատ հրացանի կրակից ողջ մնալու հավանականությունը ցածր է:
Կազմակերպությունը նաեւ վերլուծել է սեպտեմբերի 13-ի եւ 14-ի արբանյակային պատկերները եւ կիրառել մի շարք տեխնիկաներ, դրանց թվում՝ եռաչափ մոդելավորում, աշխարհագրական տեղորոշում՝ հստակեցնելու համար, թե որտեղ է տեսագրվել տեսանյութը, սակայն ինքնուրույն չի հաջողվել ստուգել ճշգրիտ վայրը։
Human Rights Watch-ը շեշտել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը կամ պատերազմի օրենքները պահանջում են միջազգային զինված հակամարտության կողմերից մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների նկատմամբ բոլոր հանգամանքներում:
Ժնեւի երրորդ կոնվենցիան կարգավորում է ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը, որն ուժի մեջ է մտնում գերի ընկնելու պահից: Այն պաշտպանում է ռազմագերիներին բռնության կամ ահաբեկման գործողություններից, վիրավորանքներից եւ հանրային հետաքրքրասիրությունից:
Ռազմական հանցագործություն է ռազմագերիներին դիտավորյալ սպանելը, նրանց հետ վատ վարվելը կամ խոշտանգելը, դիտավորյալ մեծ տառապանք պատճառելը, մարմնին կամ առողջությանը լուրջ վնասվածքներ հասցնելը:
Ադրբեջանը Ժնեւյան կոնվենցիաների, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակիցն է: Վերջին երկու կազմակերպությունները խստորեն արգելում են արտադատական մահապատիժները: