«Երկրորդ անգամ եմ տեղահանվում: Բերձորից եմ տեղահանվել, հետո վերադարձել եմ Աղավնո, հիմա նորից տեղահանություն»: 70-ամյա բժշկուհի Սվետլանա Դանիելյանի խոսքերն են, վերջին երկու տարում նա ստիպված է եղել երկու անգամ լքել իր տունը:
Դանիելյանը 2008 թվականից Բերձորի մանկաբույժն էր: Քաշաթաղ էր տեղափոխվել Նոր Հաճնից, նախ՝ դստեր հետ, ապա նրանց էին միացել նաեւ որդին կնոջ եւ երեխայի հետ: Տարիների ընթացքում ընտանիքը մեծացել էր, ձեռք էին բերել իրենց տունը, հողամասը:
44-օրյա պատերազմից հետո ընտանիքը ստիպված եղավ հեռանալ Բերձորից եւ վերադառնալ Նոր Հաճն: «Առաջարկ եղավ, որ գնամ Աղավնո, այնտեղ բժշկուհու կարիք կար: Մեկ տարին անցավ, ու եղան հայտնի դեպքերը: Հիմա էլի առաջարկ կա, որ որպես բժշկուհի գնամ Ասկերանի Բերդաձոր գյուղ: Բայց էլ ուժ չունեմ, զգում եմ՝ այլեւս չեմ կարող աշխատել: Ես այլեւս բժշկուհի չեմ»,- պատմում է Դանիելյանը:
Պատերազմն ու անորոշությունը ընտանիքին կիսել են: Բժշկուհին այժմ վարձով ապրում է Դիլիջանում որդու հետ: Որդու ընտանիքը` կինն ու երեխաները, բնակվում են Նոր Հաճնում:
Բժշկուհին այժմ չի աշխատում:
Սվետլանա Դանիելյան. «Պատերազմից հետո տասը ամիս որդիս աշխատանք չէր գտնում: Հետո Դիլիջանում գտավ:
Հիմա ես այստեղ նրա հետ եմ, որ մի քիչ օգնեմ»:
Սվետլանա Դանիելյան. «Բերձորում եմ: Վերջին ծննդյանս օրն էր այնտեղ, գործընկերներս անակնկալ տորթ բերեցին»:
Տարիների մասին այժմ պատմում են հեռախոսում մնացած լուսանկարները:
Բժշկուհու երեք թոռներն էլ զբաղվում են երաժշտությամբ: «Բերձորում համերգից հետո երեխաներին նկարեցի»:
Դանիելյանը դեռ չգիտի, թե ինչքան կապրի Դիլիջանում, բայց ասում է` արդեն այստեղ հարմարվել է:
«Հիմա մեկ-մեկ ձեռագործությամբ եմ զբաղվում, սիրում եմ, երբ ձեռքերս զբաղված են»:
«Այս ծառը Բերձորի իմ տնից եմ բերել: Ինքս եմ պատրաստել պատվաստանյութերի փոքրիկ կափարիչներից»:
«Երբ Աղավնոյից հեռանում էինք, երեխաները դպրոցի պատին գրեցին` «Պարում ենք, էլի կպարենք»: Այդ հույսով էլ գյուղից դուրս եկանք»։
«Այս օրերի լարվածությունն էլ է բոլորիս տանջում: Աշխատում եմ լուրերին շատ չհետեւել, բայց մեկ-մեկ չեմ դիմանում»:
«Մի բան գիտեմ` բոլորիս խաղաղություն է պետք, պատերազմով չի կարելի ուրախանալ»:
«Ձեռագործ աշխատանքներս ինձ մի քիչ շեղում ու խաղաղացնում են»:
«Նախկին գործընկերների հետ կապի մեջ եմ: Երբ հանդիպում ենք, հարազատների պես գրկախառնվում ենք»:
«Մեր հին կյանքն այլեւս չի վերադառնա, բայց հույս ունեմ, որ լավ է լինելու»:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։