Կան բաներ, որոնց մասին գերադասելի է լռել։ Մենք երկու կամ երեք պատերազմ ենք անցել, իսկ պատերազմում, ինչպես ասում են, «չամիչ չեն բաժանում»։ Բայց կան նաեւ բաներ, որոնց մասին լռել չի կարելի կամ այլեւս չի կարելի։ 2020-ի նոյեմբերի վերջերին հայկական լրատվադաշտը «պայթեց», որ Չարեքտարում Աշոտ Սեւյանը որոշել է «գյուղը չհանձնել»։ Իրականում տեղի էր ունեցել խորհրդային վարչական բաժանմամբ «սահմանազատում»։
Եվ որովհետեւ Չարեքտարը ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի գյուղ էր, Քելբաջարից հայկական ուժերի դուրսբերման քարտեզում չէր ընդգրկվել։ Իրականությունը սա է։ Եվ փաստ է, որ Աշոտ Սեւյանը ծնունդով Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է, Չարեքտարում բնակություն էր հաստատել «հանգամանքների բերումով»։ Ղարաբաղյան առաջին պատերազմում Վաղուհասը հիմնիվար ավերվել է։ Աշոտ Սեւյանը, ինչպես նրան մոտիկից ճանաչողներն են վկայում, մասնակցել է գյուղի պաշտպանության, հետո՝ ազատագրման գործողություններին, մեր ազգային ընկալումներով՝ «կռված տղա է», փառք իրեն։
Բայց Չարեքտարը «թշնամուն չհանձնողի» նրա կերպարը, պետք է ճշմարտության աչքերին ուղիղ նայել, գերչափազանցված է, քարոզչական-մանիպուլյատիվ, որովհետեւ 2021-ի ՀՓՇ հանրահավաքների օրերին նա Բաղրամյան պողոտայում էր, խորովածի պատրաստություն էր տեսնում եւ անցնող-դարձողին վստահեցնում, որ «Նիկոլի օրերը հաշված են»։ Այդ տեսագրությունը համացանցում երեւի պահպանվում է, հետաքրքրվողները կարող են որոնել-դիտել։ Իհարկե, վարչապետի հրաժարականի պահանջը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, բայց Չարեքտար սահմանային դարձած գյուղի «մշտարթուն պահապանն» ի՞նչ գործ ուներ Երեւանի կենտրոնում՝ խնդիրը դա է։
Անշուշտ, զուտ մարդկային բազում խնդիրներ կան, կլինեն նաեւ վաղը։ Բայց չէ՞ որ Չարեքտարից Վաղուհաս կես ժամվա ճանապարհ է, եւ Աշոտ Սեւյանը հնարավորություն պետք է որ ունենար՝ ընտանիքի կեցության հարցը լուծելու համեմատաբար ապահով՝ իր հայրենի գյուղում։ Ո՛չ, ինչպես երեւում է, նա այսօր բնակվում է Հայաստանում։ Դարձյալ անձնական որոշման հարց է։ Ոչ ոք իրավունք չունի ստիպելու, որ Աշոտ Սեւյանն ապրի Չարեքտարում կամ Վաղուհասում։ Բայց դա չի նշանակում, թե նա պիտի լինի «պատասխանատու մամուլի» մշտական հյուր եւ անընդմեջ պնդի նույն բանը՝ «Արցախը հանձնել են, կհանձնեն նաեւ Սյունիքը», կամ հայտարարի, որ այսօր Երեւանից դեպի Հայաստանի հարավ մեկնողը ոչ մի «երաշխիք չունի, թե կհասնի Գորիս»։
Սա այլեւս անտանելի է, անընդունելի, նույնիսկ՝ արգահատելի։ Հանրային լսարանի հետ հաղորդակցվող յուրաքանչյուր ոք նախ իրեն պետք է հաշիվ տա՝ ունի՞ այդ իրավունքը, վաստակե՞լ է, իրավասո՞ւ է ուղղորդելու մարդկանց։ Թե չէ «ում այծը ինչ-որ մեկի նժույգի հետ մի ամառ եթե արածել է», դրանից չի հետեւում, թե մարդկային հիշողությունը՝ կարճ, նրանց «սխրանքն անմար է»։ Հայտնի խոսք է, թե ավելի շատ ստում են պատերազմում եւ որսից հետո։ Իսկը ղարաբաղյան առաջին պատերազմի մասին է։ Եվ ավելի քան քառորդ դար կուլտիվացված միֆոլոգիան այսօր մեզ է վերադառնում ամենաայլանդակ խեղաթյուրումներով։
Այնպես որ հանրությանը ներշնչվում է, թե «սեւյանները կարող էին հաղթել քառասունչորսօրյա պատերազմում, բայց նիկոլականությունը թույլ չտվեց»։ Պատերազմի, պարտության, հետեւանքների, առկա իրավիճակի եւ մշուշոտ հեռանկարի առաջին պատասխանատւն, իհարկե, իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանն է, ՔՊ թիմն է, բայց դա չի նշանակում, թե Չարեքտարը «փրկել է Աշոտ Սեւյանը»։ Կամ Աշոտ Սեւյանն է վաղը վերածնելու Չարեքտարը։ Կամ Չարեքտարի վաղվա վերածնունդը «Քարվաճառի ազատագրման հիմքն է դնելու»։
Ոչ մի հնարավորություն, անշուշտ, չպետք է բացառել, այլապես աշխարհը «մեռյալ կետում» կմնա։ Բայց վերագտնումի նպատակադրվածությունը «սեւյանների առասպելի» վրա կառուցել նշանակում է ապրիորի բացառել իրացման ցանկացած հեռանկար։ Մենք մեկ անգամ արդեն խեղաթյուրել ենք ռազմական հաջողությունը։ Պետք է կարողանանք ստույգ եւ լիովին փաստարկված գնահատել նոյեմբերի 9-ի ծանր պարտությունը։ Հակառակ դեպքում, իրոք, կշրջենք մեր ինքնության «գրքի» վերջին էջը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։