Ըստ բրիտանական Times պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի տնտեսության փրկության սկանդալային ծրագրի հեղինակ, ֆինանսների նախարարի պաշտոնից հեռացած Քվազի Քվարտենգը համոզմունք է հայտնել, որ նորընտիր վարչապետ Լիզ Թրասը մի քանի շաբաթից կլքի պաշտոնը։
Այս ուրբաթ Թրասը հայտարարել է ձեռնարկությունների շահութահարկը 19%-ից մինչեւ 25% բարձրացնելու մասին, որն առաջարկել էր նրա նախորդի՝ Բորիս Ջոնսոնի կառավարությունը, եւ չեղյալ էր հայտարարել հենց Թրասը։
Times-ը գրում է, որ պլանավորված բարձրացման չեղարկումը տնտեսության աջակցության ծրագրի միջոցներից մեկն էր եւ հարկերի մասշտաբային կրճատում էր ենթադրում: Այնուամենայնիվ, բրիտանական կառավարությունը բուռն քննադատության արժանացավ այդ ծրագրի պատճառով, որը փլուզեց ֆունտ ստեռլինգի փոխարժեքը եւ մտավախություն առաջացրեց, որ դրա իրականացման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը:
Բացի դրանից` հոկտեմբերի 14-ին հրաժարական տվեց սկանդալային ծրագրի հեղինակ, ֆինանսների նախարար Քվազի Քվարտենգը, որին այդ պաշտոնում փոխարինեց Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը:
Պարբերականը նշում է, որ նույնիսկ Դաունինգ սթրիթի բարձրաստիճան պաշտոնյաներն են Լիզ Թրասի պաշտոնանկությունը ժամանակի հարց համարում: Նախարարները եւ Թրասին սատարող պատգամավորները եւս կասկածներ ունեն, որ նա երկար կմնա պաշտոնում: Կառավարության անդամներից մեկն ասել է, որ գործադիր մարմինը կաթվածահար է եղել, մեկ այլ նախարար էլ նշել է, թե Թրասը կարծես թե հանձնվել է։