Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հոգեվարքի մեջ են։ Իսկ պատճառը հենց Ռուսաստանն ու իր վարած տարածաշրջանային քաղաքականությունն են։ Վառ ապացույցը վերջերս Ֆրանսիայի նախագահի արած հայտարարությունն էր, ըստ որի՝ ՌԴ-ն օգտագործում է դարերով ձգվող հակամարտությունը եւ Թուրքիայի աջակցությամբ խաղում ադրբեջանական խաղը՝ դրանով թուլացնելով Հայաստանին. «Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի փորձն է՝ անկայունություն ստեղծելու։ Ռուսաստանը ցանկանում է քաոս ստեղծել Կովկասում՝ անկայունության մեջ գցելով բոլորիս»։
Մակրոնի հայտարարություններն այնպիսի ռեզոնանս էին առաջացրել ու դիպել «նյարդերին», որ նրան նախ պատասխանեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իսկ Աստանայում արդեն՝ անձամբ Պուտինն ու Ալիեւը։
Ալիեւն ու Պուտինը, մասնավորապես, առանց իրար հերթ տալու, մեղադրում էին Մակրոնին ոչ կոռեկտ պահվածքի, փողոցային խոսքերի ու զրպարտիչ ելույթի համար։ Ավելի վառ ապացույց, որ Մակրոնի խոսքերը «տեղ են հասել» եւ իրականության արտացոլումն են, հնարավոր էլ չէր պատկերացնել։
Դրան գումարվեց նաեւ այս շաբաթ Աստանայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի «դեմարշն» ընդդեմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի։ Հանդիպումը կարեւոր էր թե՛ փոխադարձ շեշտադրումների, թե՛ դիվանագիտական պրակտիկայի համար աննախադեպ՝ դիրքորոշումների հստակեցման ուղղակի պահանջների առումով։
Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին միկրոպատերազմը՝ Արարատ Միրզոյանը, շատերի համար անսպասելի, բայց եւ սպասված հարցադրումների առջեւ կանգնեցրեց Սերգեյ Լավրովին՝ հայտարարելով. «ՄԱԿ-ում որոշ երկրներ, որոնց հետ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության երկար պատմություն չկա, հայտարարություններ արեցին, որոնք ավելի օբյեկտիվ եւ հստակ արտացոլում էին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»։ Դրանով նա ակնարկեց, որ Ռուսաստանի դեպքում հայկական կողմն այդպիսի թիրախային գնահատական չտեսավ։
Մենք նախկինում արդեն գրել էինք, որ մեր «դաշնակցի» համար ադրբեջանական ագրեսիան ու ՀՀ սուվերեն տարածքի՝ դե ֆակտո օկուպացիան պարզապես «խափանումներ են»։ Ռուսաստանի համար Ադրբեջանի ագրեսիան ՀՀ տարածքի հանդեպ ոչ թե ադրբեջանական ագրեսիա է, այլ սահմանների անհստակության արդյունք, եւ առանց կոմունիկացիաների ապաշրջափակման այդ բոլոր հարցերն իրարից անկախ չեն լուծվի։
Այս համատեքստում Արարատ Միրզոյանի խոսքն ուղղված էր ոչ այնքան Լավրովի անձին կամ պուտինյան ռեժիմի ադրբեջանական սիրահետումներին, որքան փաստին, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ամբիոնից խախտում է իր իսկ ստանձնած պարտականությունները եւ ուղղակի խախտումով հրաժարվում իր դաշնակցային պարտականություններից։
Ռուսաստանը, դե յուրե եւ դե ֆակտո, հրաժարվում է 1997 թվականի հայ-ռուսական բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրից։ Իր հանցավոր անգործության կամ, եթե կուզեք, ժամանակավոր անզորության սլաքներն ուղղում է Հայաստանի դեմ։
Լավրովը Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում Հայաստանին ուղղակիորեն մեղադրում է, թե իրենք «լուրերից են իմացել», որ Հայաստանը Արեւմուտքի գործընկերների հետ քննարկում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հարցերը եւ ՀԱՊԿ ԱԽ նիստ չեն հրավիրել, որովհետեւ «Հայաստանը դրա համար ժամանակ չի ունեցել»։ Դրան ի պատասխան՝ Միրզոյանը անմիջապես հակադարձում է եւ հիշեցնում, որ իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Միրզոյանն ուղղակիորեն հայտարարեց, որ Հայաստանը քանիցս դիմել է ՀԱՊԿ անդամներին՝ ԱԽ նիստ հրավիրելու, բայց նրանց այդպես էլ «հարմար չի եղել» մասնակցել ու ՀԱՊԿ ԱԽ նիստ հրավիրել։
Հարկ է նշել, որ Միրզոյանն այդ ամենի շարքում չմոռացավ «տեղ թողնել» գալիք, ապագա բանակցությունների համար, մասնավորապես հայտարարեց. «Շատ կարեւոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցերի շուրջ, մենք ուզում ենք զգալ Ռուսաստանի աջակցությունը եւ առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում եռակողմ պայմանավորվածությունների ոգով։ Մենք պատրաստ ենք դրան»։
Այսինքն, որքան էլ ՀՀ իշխանությունների եւ հանրության շրջանում արդարացի հարցեր, մեղադրանքներ ու կասկածներ կան, որ Ռուսաստանը երկակի խաղ է խաղում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ուղղակիորեն սպասարկելով իր կարճաժամկետ շահերն ու ստորադասելով իր դաշնակից Հայաստանի սուվերեն շահերը, այնուամենայնիվ, կամուրջները ոչ միայն չեն այրվում, այլեւ շեշտվում է ՀՀ պատրաստակամությունը՝ շարժվել նախանշված եռակողմ համաձայնություններով։
Բայց այս ամենի համար նախեւառաջ հարկավոր է, որ Ռուսաստանը ճանաչի իր իսկ ստորագրած 1997 թվականի պայմանագիրը, կատարի իր դաշնակցային պարտավորությունները եւ սակարկություններ չանի ՀՀ տարածքի ու զիջումների գնով, որպեսզի սիրաշահի իր մեկ այլ դաշնակից եւ ներկայիս ֆավորիտ Ադրբեջանին։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։