ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում հայտարարել է, որ Սեւ ծովով մարդասիրական միջանցքների աշխատանքը կասկածի տակ կդրվի, եթե պարզվի՝ դրանք օգտագործվել են Ղրիմի կամուրջը պայթեցնելու նպատակով պայթուցիկներ տեղափոխելու համար։
Պուտինը հիշեցրել է, որ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ պայթուցիկը ծովով ուղարկվել է Օդեսայից։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ՝ արդյոք այդ նպատակի համար օգտագործվել է հացահատիկի միջանցքը:
«Եթե պարզվի, որ ամենաաղքատ երկրների համար հացահատիկի մատակարարման միջանցքներն օգտագործվում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, կասկածի տակ կդրվի միջանցքների գործունեությունը»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նման կերպ ակնարկել է Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ կնքված պարենային գործարքից Ռուսաստանի հնարավոր դուրս գալու մասին։
Համաձայնագիրը հնարավորություն է տալիս ռազմական գործողությունների պատճառով արգելափակված հացահատիկն արտահանելու ուկրաինական երեք նավահանգստից։