«Պեպո», «Ապուշը», «Օթելլո»․․․ Սունդուկյանի անվան Մայր թատրոնի տարբեր ժամանակների լավագույն ներկայացումների պաստառների ընտրանին մինչեւ հոկտեմբերի 31-ը կարելի է տեսնել թատրոնի ճեմասրահում։ Թատրոնի արխիվային՝ 1922 թվականից մինչ օրս հրապարակված պաստառներն են, որոնք լավագույնս պատկերացում են տալիս հայկական թատերական պաստառային արվեստի զարգացման միտումների մասին։ Ըստ արվեստագետ, դիզայներ Էդիկ Պողոսյանի՝ պաստառը ներկայացման ու հանդիսատեսի առաջին հանդիպման պատուհանն է. եթե երկխոսությունը կայանում է, կարելի է պաստառը հաջողված համարել։
««Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա» ներկայացման պաստառի մասին մարդիկ հարցնում էին՝ ինչու է անգլուխ, պատասխան չէինք տալիս, ներկայացումից հետո հասկանում էին, որ գլուխը դեկորի մեջ է: Այսինքն՝ հանդիսատեսին թույլ ես տալիս մասնակցել պաստառի բացահայտմանը»,- ասում է փառատոնի հիմնադիր Էդիկ Պողոսյանը:
Ընտրանին ցուցադրվում է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի շրջանակում՝ թատրոնի եւ «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, նպատակն է վերածնունդ տալ Հայաստանի թատերական պաստառներին: Ըստ Էդիկ Պողոսյանի՝ խորհրդային շրջանում ցայտուն է եղել արվեստի այս ճյուղը, բայց անկախության շրջանում ե՛ւ հետաքրքրությունն է նվազել, ե՛ւ որակն է ընկել:
Փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ՝ 406 աշխատանքով։ Նախազատման արդյունքում մրցութային փուլ է անցել 21 երկրի 70 հեղինակի 95 աշխատանք։ Ժյուրիի անդամներն ընտրված գործերի մեջ շեշտը դրել են պատվիրված գործերին, այսինքն՝ բեմադրված ներկայացման պաստառներին, որոնք արդեն աշխատել են որպես գովազդային նյութ: «Ունենք 7 մեդալակիր եւ երկու դիպլոմ, այս տարի որոշեցինք առատաձեռն լինել նվերների հարցում. որակով աշխատանքին զուգահեռ նաեւ պետք է գնահատել պրոֆեսիոնալ աշխատանքը»,- ասում է փառատոնի նախագահը:
Միջազգային ժյուրիի անդամները՝ ֆրանսիացի գրաֆիկ դիզայներ Միշալ Բատորին, Մոսկվայի «Ոսկե մեղու» գրաֆիկական դիզայնի համաշխարհային բիենալեի նախագահ Սերգեյ Սերովը եւ իրանցի գրաֆիկ դիզայներ Էբրահիմ Հաղիղին, նաեւ հանդես եկան դասախոսություններով։
Սերգեյ Սերովը կարծում է, որ մեծ բազմազանություն կա աշխատանքների մեջ. «Ե՛ւ անհատական մոտեցում եմ նկատում, ե՛ւ ազգային դպրոցների ազդեցություն։ Աշխատանքներում գնահատել ենք մակարդակն ու որակը, գրաֆիկական դիզայնի պարագայում առավել կարեւոր է առաջին տպավորությունը. ուղերձն ու էմոցիաները երկրորդային են»։
Էբրահիմ Հաղիղին թատերական եւ կինո պաստառների ոլորտում իր գործունեությունը սկսել է 1960-ականներից: Ցուցադրելով հեղինակային պաստառային մեծաթիվ արխիվը՝ արվեստագետը նշում է՝ թատրոնը միակ ստերիլ պահպանված դաշտն է, որտեղ կարելի է ազատ ստեղծագործել՝ դիզայնը մոտեցնելով արվեստին։ Կինոն, ըստ նրա, այդ հնարավորությունը հաճախ չի տալիս։
Իրանցի արվեստագետը ցուցադրեց իրանական նախահեղափոխական ֆիլմերի պաստառներ, դրանց վրա իտալական եւ եգիպտական պաստառների ձեւավորման միտումների ազդեցությունը:
«Երբ մշակութային իրադարձությունը քո հարեւան երկրում է տեղի ունենում, որի հետ ունես ընդհանուր ու ծանոթ պատմություն, պարզապես պարտավոր ես մասնակցել անչափ կարեւոր գործին։ Այսօր առհասարակ նման տարածաշրջանում շատ դժվար է ստեղծել այսպիսի փառատոն, դժվար է հովանավորների գտնել, այս առումով ես որոշեցի իմ փոքր ներդրումն ունենալ»,- ասում է ոլորտում բազմամյա փորձ ունեցող գրաֆիկ-դիզայներ Էբրահիմ Հաղիղին:
Ոչ շահութաբեր լինելու պատճառով այսօր Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, քչերն են հետաքրքրված այս ոլորտով։ Այդ իմաստով միջազգային փառատոն-մրցույթը կարող է նպաստել պաստառների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, երկխոսության կամուրջ դառնալ հայ եւ արտերկրի արվեստագետների միջեւ։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։