1991 թվականի հոկտեմբերի 16-ին, Հայաստանում անցկացվեցին նախագահական առաջին ընտրությունները։ Առաջադրված վեց թեկնածուներից մայրս ձայնը տվել էր Աշոտ Նավասարդյանին։
Հարցրի՝ ինչո՞ւ։ Ասաց՝ կենսագրությունը լսեցի ռադիոյով, տանջված մարդ ա։ Այսպիսով՝ մայրս մեկն էր Հայաստանի 2429 քաղաքացիներից, որոնք ընտրել էին Նավասարդյանին։
Հայրս ընդհանրապես ընտրության չէր գնացել ու չէր ընտրել ոչ մեկին, հատկապես՝ Զորի Բալայանին, որին համարում էր «խառնակչության» հեղինակն ու մեղավորը։
Բացի այդ՝ նա համոզված չէր, որ սովետի նման «հեյվարա» երկիրը կարող է փլուզվել, եւ ամեն օր սպասում էր, որ Գորբաչովի տեղը կգա «խելքը գլխին» մեկն ու կարգուկանոն կհաստատի։ Բալայանը ստացավ 6831 ձայն, հայրս միացավ ընտրությանը չմասնակցողների 26 տոկոսին։
Մեր ընտանիքում Դաշնակցությանը ձայն տվող չկար։ Ընկերական շրջապատում կային, բայց նրանք էլ շատ գոհ չէին, որ 100-ամյա կուսակցությունը ներկայանում է անվանի դերասանի դեմքով։
Անհասկանալի մի բան կար։ Օրեր առաջ անկախացած Հայաստանն այն վիճակում չէր, որ իրեն թույլ տար կառավարման ղեկը վստահել ազնիվ մի դերասանի եւ տակավին անհայտ մի հնագետի (փոխնախագահը Վահան Հովհաննիսյանն էր)։ Դաշնակցությունը ստացավ 65278 քվե։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Ղազարյանին էլ ընտրող չկար։
Շատ հարգելի կերպար էր, բայց մարդիկ չէին հասկանում, թե երբեմնի կուռ «Ղարաբաղ» կոմիտեն, որն անցել էր տարատեսակ դժվարությունների միջով, ինչու էր ներկայանում երկու դեմքով։ Թեեւ մեկումեջ ասում էին՝ Աշոտ Մանուչարյանը թեկնածությունը դրած լիներ, կարելի էր մտածել։
Այս իմաստով քաղաքական իր կենսագրության միակ ճիշտ քայլն արել էր Վազգեն Մանուկյանը՝ չդնելով թեկնածությունը 1991-ի ընտրություններում։
Թեեւ նա հրաժարվել էր վարչապետի պաշտոնից եւ դարձել ընդդիմություն, բայց հասկանում էր, որ «Ղարաբաղ» կոմիտեն այլեւս լուծարված է, եւ եկել է անհատ գործիչների ժամանակը։ Իսկ որպես անհատ գործիչ՝ նա արտառոց ոչ մի դրսեւորում չէր ունեցել՝ բացի «համաշխարհային ազգ» անհասկանալի կոնցեպտը մեջտեղ բերելուց։
Ես տրամադրված էի ընդդիմություն ընտրելու ու ձայնս տվեցի Պարույր Հայրիկյանին (փոխնախագահ Ազատ Արշակյան)։
Ինչո՞ւ Հայրիկյանին։ Որովհետեւ նա երկրորդը լինելու շանս ուներ։ Իմ շրջապատում շատ էին Հայրիկյան-Արշակյան զույգին նախընտրողները։ Նրանց այդ որոշման հիմնական կռվանն ընթացիկ պատմության մեջ արդարության վերականգնումն էր. Հայրիկյանն անկախության հեղինակի ու ճարտարապետի համարում ուներ, իսկ նրա հիմնական մրցակիցն ընդամենը ինժեներն էր եւ շինարարը։ Հայրիկյանը 106266 ձայն ստացավ։
Բացի ընդդիմություն եւ միայն ընդդիմություն ընտրելու սկզբունքային որոշումից՝ ես նաեւ նախագահական այդ ընտրությունները 1960-1980-ականների այլախոհական շարժմանը հարգանքի տուրք մատուցելու հարմար առիթ էի նկատում։ Ափսոս, որ բոլորը նույն հովանոցի տակ չէին, ու հնարավոր չէր միաժամանակ ընտրել ե՛ւ Աշոտ Նավասարդյանին, ե՛ւ Պարույր Հայրիկյանին։
1 միլիոն 260 հազար ձայնով, այսինքն՝ տպավորիչ առավելությամբ, նախագահ ընտրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Մատենադարանի գիտքարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Հանրապետության ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը, նախընթաց իրադարձությունները, հատկապես՝ «Կոլցո» օպերացիան, որի հետեւանքով փախստականների մեծ հոսք էր առաջացել, կարող էին մաշեցնել մեկ տարի առաջ Գերագույն խորհրդի նախագահ դարձած քաղաքական գործչի վարկանիշը։
Բայց «Ղարաբաղ» կոմիտեի գործունեության արդյունքում վերացել էր գլխավոր այլընտրանքը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը մասնակից էլ չեղավ նախագահական առաջին ընտրություններին։ Թե ինչու կրկեսային հնարքի արագությամբ վերացավ Հայ կոմկուսը, առանձին եւ մանրամասն վերլուծության թեմա է, բայց «ոտքի վրա» կարելի է ասել, որ որպես քաղաքական կառույց՝ այն երբեւէ գոյություն չի ունեցել, ընդամենը եղել է Մոսկվայի հետ հարց լուծող հայ մենեջերների background-ը։
Եվ ուրեմն Հայաստանի քաղաքացիները քվեների ջախջախիչ մեծամասնությամբ ընտրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ բոլոր թեկնածուները նույն զամբյուղում էին, իսկ նույն զամբյուղից սովորաբար վերցնում են լավագույնը։
Տեսակետներ կան, որ 1991-ի ընտրությունը հուզական էր, ոգեշունչ։ Անշուշտ ե՛ւ հուզականություն կար, ե՛ւ ոգեշնչվածություն, բայց հիմնական բնազդը պատասխանատվությունն էր։ 1991-ի ընտրողն ազնիվ էր եւ հանձնառու, նրա վրայով դեռ չէր անցել արժեքներ նսեմացնող անտիպրոպագանդայի ծանր գլանը։
Լուսանկարները՝ Արմենպրեսի արխիվից
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։