Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին նախանշված է ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի նախատեսված է քննարկել նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումը։ Ակնկալվում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարները կանաչ լույս կվառեն հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության համար։
«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ Սպասվում է, որ երկուշաբթի նախարարները կհաստատեն այդ առաքելությունը»,- հայտնել է ԵՄ ներկայացուցիչը։
Դիվանագետը նշել է նաեւ, որ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան, նախնական փուլում նախատեսվում է սահմանին տեղակայել շուրջ 40 դիտորդներ։ Հայտնի է նաեւ, որ առաջին դիտորդները հայ-ադրբեջանական սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։
«Անձնակազմը կվերցնենք Վրաստանում մեր առաքելությունից՝ խնդրի հրատապության պատճառով»,- բացատրել է ԵՄ ներկայացուցիչը։
Թարմացում
ԵՄ-ն հաստատել է Հայաստան-Ադրբեջան սահմանին քաղաքացիական առաքելության տեղակայումը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու հարցում: Նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դիտորդական առաքելության տեղակայումը կամրապնդի վստահությունն անկայուն իրավիճակում, երբ վտանգված են մարդկային կյանքեր եւ հակամարտության կարգավորման գործընթացը:
Նախարարների օրակարգում ներառված են եղել նաեւ Եվրամիության տարածքում ուկրաինական բանակի համար ուսումնական առաքելություն սկսելու հնարավորությունը, ԵՄ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով Պեկինի համագործակցությունը Մոսկվայի հետ եւ այլ հարցեր։