«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հրապարակել է «Կովկասյան բարոմետր 2021-ի» հետազոտությունը, ըստ որի` Խորհրդային Միության փլուզումից ի վեր Վրաստանը եւ Հայաստանը անցել են տարբեր, ինչ–որ չափով նաեւ նման ուղիներ: «Կովկասյան բարոմետր 2021»-ը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն հիմնադրամի (CRRC) իրականացրած սոցիալ–տնտեսական խնդիրների եւ քաղաքական հայացքների վերաբերյալ տարեկան հետազոտությունն է:
Ըստ հետազոտության՝ հայերի մեծամասնության կարծիքով Խորհրդային Միության փլուզումը վատ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, մինչդեռ վրացիների գրեթե կեսը կարծում է, որ փլուզումը դրական է ազդել Վրաստանի վրա։ «Կովկասյան բարոմետր 2021-ի»-ի տվյալներով` հետազոտության հիմնական տարբերությունը հենց այստեղ է` ինչպես է հասարակությունը վերաբերվում Խորհրդային Միության փլուզմանը: Հայաստանում ակնհայտ մեծամասնությունը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը վատթարացրել է երկրի վիճակը։
Ամենամյա հետազոտությունը ցույց է տվել, որ ըստ Հայաստանի բնակչության երկու երրորդի (67%)` ԽՍՀՄ-ի լուծարումը վատ է ազդել երկրի վրա, մինչդեռ Վրաստանում այդ կարծիքին է բնակչության 38%-ը:
Քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին ասում է, որ ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում եղել են պատերազմներ, հեղափոխություններ ու տնտեսական վերելքներ, սակայն այս երկու երկրում հիմնական քաղաքական հարցերի վերաբերյալ քաղաքական դիրքորոշումների տարբերություններ կան: Դրա պատճառով է նաեւ, որ հաճախ տարածվում են սխալ տեղեկություններ։
«Վրաստանը, իհարկե, ավելի շահագրգռված է պետական մակարդակով դառնալ եվրոպական ընտանիքի մաս, ինչը պայմանավորված է Խորհրդային Միության փլուզումը դրական իրողություն համարելով, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի բնակիչներն ունեն ռուսամետ կողմնորոշում»,- ասում է Մելաշվիլին։
Հետազոտության արդյունքում կազմված հետընթաց մոդելը ցույց է տվել, որ ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում կարծես թե բարձրագույն կրթությամբ մարդիկ ավելի շատ են դրական գնահատում ԽՍՀՄ–ի փլուզումը, քան միայն միջնակարգ կամ միջնակարգ տեխնիկական կրթություն ունեցողները: Երկու երկրներում էլ, տարեցների համեմատ, երիտասարդներն ավելի հակված էին ասելու, որ ԽՍՀՄ փլուզումը դրական փոփոխություն է։
Պատմաբան Գեորգի Մեսխիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշում է, որ հետխորհրդային երկրներում իրավիճակը գրեթե նույնն է:
«Ելնելով այս հետազոտությունից` կարելի է ենթադրել, որ հետխորհրդային երկրներում իրավիճակը գրեթե նույնն է, երիտասարդները, ապրելով ժամանակակից աշխարհում եւ ավելի լավ տիրապետելով տեղեկատվությանը, ավելի իրազեկված լինելով, կարող են ազատ մտածել եւ հասկանալ, թե ինչ լավ ու վատ կողմեր է ունեցել ԽՍՀՄ-ը»,- նշել է Մեսխիշվիլին։