ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի եւ միջոցների տեղաշարժի ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:
Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային եւ զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, բացառապես պաշտպանական բնույթի են:
ՀՀ ՊՆ-ն ընդգծել է, որ հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, եւ ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում հայկական կողմը եւս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցելու:
Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ պնդել է, որ հայկական կողմը հոկտեմբերի 16-ից լրացուցիչ ուժեր՝ զինծառայողներ եւ հրետանու 4 միավոր է կուտակել Ադրբեջանի բանակի դիրքերի դիմաց՝ Դաշքեսանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե տարածաշրջանում հնարավոր սրման համար պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրելու: