Առաջատար մի շարք երկրների տնտեսագետներ հայտարարել են, որ առաջիկա տարիները աշխարհում լինելու են գլոբալ շատ բարձր սղաճով աչքի ընկնող ժամանակաշրջան։
Համաձայն այս տարվա արդյունքների` ապրանքների եւ ծառայությունների գները ամբողջ աշխարհում կարող են թանկանալ 9,5 տոկոսով։
Economic Experts Survey կազմակերպության՝ մակրոտնտեսագետների շրջանում անցկացված հարցումների համաձայն` համաշխարհային տնտեսական իրավիճակի բարդացմանը տանող կանխատեսումներ են արել աշխարհի ավելի քան հարյուր երկրի մասնագետներ։
Հիշեցնենք, որ նման ուսումնասիրություն յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում է Տնտեսական հետազոտությունների մյունխենյան ifo կենտրոնը եւ շվեյցարական Լյուցեռն քաղաքում գործող Տնտեսական քաղաքականության շվեյցարական ինստիտուտը։
Ըստ վերջիններիս տվյալների՝ 2022 թվականի համար երկրորդ եռամսյակի համեմատ կրկին աճ են գրանցել՝ 1,8 տոկոսային կետով։ Ընդ որում՝ կանխատեսվող սղաճը 6,7 տոկոսային կետով ավելին է, քան վերջին տասը տարվա գլոբալ սղաճի ցուցանիշն է եղել ըստ Համաշխարհային բանկի տվյալների։
Ակնկալվում է, որ 2023 թվականին գլոբալ սղաճը կլինի 7,5 տոկոս, իսկ 2026-ին՝ 5 տոկոս։ Մասնագետները նշում են, որ ըստ տարածաշրջանների՝ սղաճը լինելու է խիստ անհավասարաչափ։
Այսպես՝ Արեւելյան Աֆրիկայի համար, օրինակ, ընթացիկ տարվա համար մասնագետները գնահատել են 60 տոկոսանոց սղաճ։ Հարավային Ամերիկայի եւ Արեւմտյան Ասիայի համար կանխատեսումները եւս շատ բարձր են՝ 30-ական տոկոս յուրաքանչյուր ռեգիոնում։ Արեւելյան Եվրոպայում սղաճը կանխատեսվել է ընթացիկ տարվա համար 19 տոկոս։ Արեւմտյան Եվրոպայում այն 7,3 տոկոս է, Հյուսիսային Ամերիկայում՝ 7,2 տոկոս, Հարավարեւելյան Ասիայում՝ 5,6 տոկոս։
Պատրաստեց Արման Գրիգորյանը