Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը նորոգումից հետո վերաբացվել է: Այն այսուհետ տրանսպորտային միջոցների երթեւեկության տեսակետից անվտանգ կլինի: Իրականացվել են ջրամեկուսացման, բետոնացման եւ ամրացման աշխատանքներ, կամրջի եզրաքարերին նոր տեսք է հաղորդվել:
Տրանսպորտային էստակադայի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր եղավ վերաբացել ժամկետից շուտ։
Վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամրջի երկու դեֆորմացիոն կարերը, որի հետեւանքով հեծանները եւ ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման:
Կամուրջների շահագործումը երկարացնելու եւ պիտանելիությանն առնչվող խնդիրներից խուսափելու համար քաղաքի կամուրջները այսուհետ ավելի հրատապ եւ նպատակային սպասարկման կենթարկվեն։