Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի եւ հաջորդած պայթյունի հետեւանքով տուժած տնտեսվարողներին եւ նրանց աշխատակիցներին:
ՀԿԽԸ-ի իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա տուժած խոցելի 42 տնտեսվարողներ եւ նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաեւ 38 գրանցված աշխատակիցներ եւ նրանց ընտանիքի 186 անդամները ստացել են միանվագ դրամական աջակցություն ՝ 42 հազար 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվել է 16 միլիոն 951 հազար 900 ՀՀ դրամ:
Դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ: