Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին:
Շառլ Միշելը հույս է հայտնել, որ դա կնպաստի վստահության ձեւավորմանը եւ ավելի շատ կաջակցի սահմանազատման հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:
Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիեւ քառակողմ հանդիպման ժամանակ։ Առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը եւ երկու պետությունների սահմանազատմանը։
Ավելի վաղ հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակով Հայաստան է ժամանել ԵՄ մշտադիտարկման 40 փորձագետ, որոնք տեղակայվելու են հայ-ադրբեջանական սահմանին՝ հայկական կողմից՝ իրավիճակի դիտարկման, վերլուծության եւ զեկուցելու նպատակով։ ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է մշտադիտարկման փորձագետներ ներգրավել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։
Դիտարկման առաքելությունը ժամանակավոր է եւ, ըստ ԵԽ-ի, երկու ամսից ավելի չի տեւի։