Բրիտանական անշարժ գույքի գնահատման ոլորտի դիպլոմավորված մասնագետների թագավորական ինստիտուտը (RICS) հայտարարել է, որ հաջորդ տարի ամենայն հավանականությամբ շատ դժվար կլինի հիփոթեքային վարկեր վճարողների համար։
Հաջորդ տարվա համար կանխատեսվել է անշարժ գույքին առնչվող բռնագանձումների թվի աճ, քանի որ տոկսադրույքները աճում են, իսկ գները՝ նվազում, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի բրիտանական շուկայում տասներեքամյա բարենպաստ շրջանն ավարտվելու է։
Սեպտեմբերին, ինչպես եւ նախորդ չորս ամիսներին, անշարժ գույքի հավանական գնորդների թիվը շարունակաբար նվազել է, իսկ անշարժ գույքի վաճառքի ցուցանիշները հասել են 2020-ի ամենացածր ցուցանիշին, երբ շուկան պարզապես չէր գործում կորոնավիրուսային համավարակի պայմաններում։
Մասնագետները նշում են, որ շուկայի գլխին սեւ ամպեր են կուտակվում թե՛ կարճաժամկետ ակնկալիքների, թե՛ գնագոյացման եւ վաճառքի ծավալների առումով։
Հիփոթեքի շուկան ակներեւաբար ցնցումներ է ապրում, ինչը խորանում է հատկապես վերջին շաբաթներին բրիտանական տնտեսական ընդհանուր անորոշ վիճակով՝ ընդհանուր գնաճի եւ հատկապես էներգիայի թանկացումներով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի պատճառով։
Այս տարի առաջարկի կրճատման հաշվին բնակարանային տարածքների գները կպահպանվեն, սակայն հաջորդ տարի առնվազն 10 տոկոսի գնանկում կլինի, քանի որ աճող տոկոսադրույքները լուրջ ճնշում են գործադրում տնային տնտեսությունների բյուջետային միջոցների վրա։
Moneyfacts.co.uk-ի տվյալներով՝ երկամյա միջին ֆիքսված տոկոսադրույքը հիփոթեքի համար եղել է 6,46 տոկոս, իսկ միջին հնգամյա ֆիքսված տոկոսադրույքը 6,32 տոկոս է, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2008-ի համապարփակ ֆինանսական ճգնաժամից հետո։
Բրիտանական խոշորագույն շինարարական Barratt ընկերության հրապարակած տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում բնակարանների վաճառքի ամենշաբաթյա ցուցանիշները նվազել են 1/3-րդով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ այս տարվա սեպտեմբերին անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ վաճառվել է 44 տոկոս պակաս բնակտարածք։ Շինարարական ընկերության ակտիվները կրճատվել են 1 միլիարդ ֆունտ ստեռլինգով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը