Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայկական կողմից կրակոցների իմիտացիա են ստեղծում` փորձելով արդարացնել հրադադարի խախտման սեփական նախաձեռնությունները։
Նախարարությունից հայտնել են, որ անցած գիշեր Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը` նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
«Այդպիսով Ադրբեջանի ԶՈՒ-ն նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 18-ին՝ 02:20-ի սահմաններում, ադրբեջանցիները դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։