«Գազպրոմ Արմենիա»–ն հայտարարել է Հայաստան բնական գազի մատակարարումը երկու օրով դադարեցնելու մասին։ Ընկերությունը պատճառաբանել է, թե Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ են կատարվելու։ «Գազրոմի» հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակման։
Վերջին ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում գազամատակարարման դադարեցման մասին (թեկուզ՝ ժամանակավոր) հաղորդագրությունը պատահական չէր։ Բնական գազը Ռուսաստանի համար մշտապես եղել է մահակ։ Մոսկվան ռուս–ուկրաինական պատերազմի այս օրերին այդ պատժամիջոցը գործածում է Եվրոպայի դեմ՝ ձմռան շեմին նրանց համար ստեղծելով անհարմար պայմաններ։
Ու հիմա երկու օրով Հայաստանի գազամատակարարման դադարեցումն ընկալվում է որպես անուղղակի նախազգուշացում։ Սա՝ հատկապես մի երկրի դեպքում, որի էներգետիկ ամբողջ համակարգը կախված է ՌԴ–ից, ընդ որում՝ առանց այլընտրանքի։ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»–ն գազամատակարարման, իսկ ՀԷՑ–ը՝ էներգամատակարարման հարցում բնական մենաշնորհ ունեն։
Եթե անգամ «Գազպրոմն» իսկապես պլանավորված պրոֆիլակտիկ, վերականգնողական աշխատանքներ է իրականացնում, այս փուլում նման հայտարարությունը միանգամայն այլ կերպ է ընկալվում։ Մանավանդ, երբ կա Ռուսաստանից նման արձագանքի առիթ․ Արեւմուտքը փորձում է տարածաշրջանում ընդլայնել իր ներկայությունը՝ տեղավորվելով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում։
Եթե հիշում եք, նախորդ շաբաթ ՌԴ-ն ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի միջոցով շատ կոշտ արձագանքեց ամերիկյան եւ պրահյան հանդիպումներին։ Մանավանդ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներից հետո շոշափելի արդյունքներ եղան․ ամերիկյան կողմի միջնորդությամբ անցկացված հանդիպումից հետո Ադրբեջանը վերադարձրեց 17 ռազմագերու, իսկ պրահյան հանդիպմանը հաջորդեցին քառակողմ հայտարարությունն ու քաղաքացիական դիտորդներ ուղարկելու ԵՄ-ի որոշումը։
Երեկ արդեն Հայաստան են ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները․ նրանք հանդիպել են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ։ Այնպես որ, ԵՄ ներկայացուցիչների այցի օրը գազամատակարարման դադարեցման մասին հայտարարությունը պատահական չէր։
Այսպիսով՝ Հայաստանը գնալով ավելի է մխրճվում Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության մեջ։ Հատկապես վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախաձեռնությունը վերցնելու համար Ռուսաստանի եւ Արեւմուտքի պայքարը գնալով ավելի բացահայտ, նաեւ սուր բնույթ է ստանում։ Այս շարքից էր նաեւ փաստը, որ ի հակակշիռ ԵՄ-ի որոշման՝ ՌԴ ԱԳ նախարարը նախորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնակիցներին առաջարկեց ՀԱՊԿ դիտորդների գործուղել։ Սերգեյ Լավրովի մոտ Միրզոյան–Բայրամով հանդիպումից հետո եղավ արդեն ՌԴ նախագահի առաջարկը Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին՝ եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին։
Դատելով իրադարձություններից՝ Արեւմուտք-Ռուսաստան այս մրցակցությունը դեռ երկար կշարունակվի, եւ նրանցից յուրաքանչյուրը կհոգա, որ մյուս կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները պարզապես չիրագործվեն։ Իսկ այդ նպատակով գործի կդրվեն բոլոր միջոցները, այդ թվում՝ գազային մահակը։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: