Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական զինված ուժերի հրետակոծությունների արդյունքում վնասվել են Ուկրաինայի էլեկտրակայանների մեկ երրորդը:
«Ռուսական ահաբեկչություններն ուղղված են Ուկրաինայի էներգետիկայի եւ կրիտիկական ենթակառուցվածքների վրա: Հոկտեմբերի 10-ից շարքից դուրս են եկել մեր էլեկտրակայանների 30 տոկոսը, ինչը երկրով մեկ հանգեցրել է էլէեկտրաէներգիայի զանգվածային ամնջատումների: Պուտինյան ռեժիմի հետ բանակցությունների տեղ չի մնացել»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Ուկրաինայի ղեկավարը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած երկու հարվածները լուրջ վնաս են պատճառել։
Ականատեսների նկարահանած տեսանյութում ենթադրաբար Դնեպրոպետրովսկի ՋԷԿ-ն է: Գնդակոծությունների պատճառով քաղաքի որոշ շրջաններում կարող է լույս ու ջուր չլինել։
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տուժել է մայրաքաղաքի Դեսնյանսկի շրջանում գտնվող կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտը:
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկայի, պաշտպանության, ռազմական կառավարման եւ կապի օբյեկտներին Խարկովից ու Կիեւից մինչեւ Լվով եւ Իվանո-Ֆրանկովսկ` էլեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային խափանումներ առաջացնելով: