Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ հոկտեմբերի 18-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Անդրեասյանը ներկայացրել է դատական համակարգի ներկայիս իրավիճակը եւ սպասվող բարեփոխումները։
ՌԴ դեսպանն իր հերթին կարեւորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։
Քննարկման առարկա է դարձել հատկապես վերջին շրջանում Հայաստանում գործարարությամբ զբաղվող Ռուսաստանի Դաշնության մեծ թվով քաղաքացիների հիմնախնդիրները, որոնք հաճախ գործ են ունենում դատական համակարգի տարբեր ատյանների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել եւ երկուստեք առանձնակիորեն կարեւորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաեւ հետագա քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ամրապնդման եւ փորձի փոխանակման վերաբերյալ։