Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` նա ընդգծել է հայ-ամերիկյան փոխգործակցության կարեւորությունը: Նշել է, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելություններն էապես նպաստում են ռազմավարական երկխոսության շարունակական զարգացմանը:
Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային եւ կարեւորել Միացյալ Նահանգների ու ընդհանրապես միջազգային հանրության համարժեք ու հասցեական արձագանքը: Միաժամանակ վարչապետը շեշտել է ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարեւորությունը:
Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն իր հերթին ընդգծել է հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության ընդլայնման կարեւորությունը՝ ի նպաստ տարբեր ոլորտներում կապերի զարգացման ու ամրապնդման:
Դեյվիդ Փրայսն անթույլատրելի է համարել Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը: Դեյվիդ Փրայսը դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները: Միաժամանակ, նա կարեւորել է մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը: