Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյութֆիլդտը ՀՀ արտգործնախարար Միրզոյանի հետ ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Նորվեգիան սատարում է Հայաստանին ու հայ ժողովրդին։
«Իմ այցի նպատակն է նախ եւ առաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը` սատարելու հայ ժողովրդին։ Ուրախ կլինեի ավելի լավ հասկանալու ձեր երկրում ու տարածաշրջանում տիրող իրավիճակը այս դժվարին ժամանակներում, ինչպես նաեւ ամրապնդելու մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հրաշալի եւ բարեկամական հարաբերությունները»,- շեշտել է Հյութֆիլդտը։
Նորվեգացի դիվանագետը հիշեցրել է, որ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, բայց ակտիվ համագործակցում է ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի հետ, իսկ սեպտեմբերի 15-ին ԵԽ-ում բարձրացրել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հարցը։
Արարատ Միրզոյանն ասուլիսում հայտնել է, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության տեղակայման հարցով։
«Քննարկվում է նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծին ՀՀ տարածքից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Շատ մոտ ապագայում մենք այս մասով եւս հստակություն կունենանք»,- ընդգծել է Միրզոյանը։