Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» («Countering the Authoritarian Overhaul of the Internet») վերտառությամբ տարեկան զեկույցը, ըստ որի՝ ՀՀ-ն դասվում է ազատ երկրների շարքին:
Զեկույցում նշվում է, որ այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր՝ ի տարբերություն 2021-ին ստացած 71 միավորի: Զեկույցն ընդգրկում է 2021-ի հունիսի 1-ից 2022-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։
Զեկույցում Հայաստանին առնչվող անդրադարձում նշվել է, որ Հայաստանում տեղական եւ միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղ դատապարտեցին եւ համոզեցին կառավարությանը քրեական օրենսգրքում չեղյալ համարել ծանր վիրավորանքի մասին 2021-ի հուլիսին ընդունված հոդվածը:
Ըստ զեկույցի՝ պետական պաշտոնյաներին եւ հասարակական գործիչներին ուղղված վիրավորանքները քրեականացնող օրենք կիրառվել է ամբողջ տարվա ընթացքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու այն օգտատերերին, որոնք ուղղել են քննադատական մեկնաբանություններ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Նշվել է, որ քաղաքացիական հասարակության ակտիվիստներն իրենց մտահոգությունները հայտնել են դիվանագետների հետ մասնավոր հանդիպումների ժամանակ եւ հայկական լրատվամիջոցներում, իսկ նրանց առարկությունները այնուհետեւ մեջբերվել են Սահմանադրական դատարան ուղղված պաշտոնական դիմումի մեջ:
«Կառավարության պաշտոնյաները համաձայնել են ապագայում լրատվամիջոցներին առնչվող օրենքներ մշակելիս չներառել տվյալ դրույթը 2022 թվականի հուլիսին ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքում՝ պարտավորվելով ընդգրկուն խորհրդակցություններ անցկացնել ՔՀԿ խմբերի հետ»,- ասված է Freedom House-ի զեկույցում: