Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի 320 հասցեում գտնվող 118 հա մակերեսով հողամասում կկառուցվի Փարիզի «Դեֆանս»-ի նմանությամբ բազմաֆունկցիոնալ թաղամաս, որը կկոչվի «Դեֆանս Հաուզինգ»: Կից հողամասում հիմնվելու է 11 հա փշատերեւ անտառ՝ Փարիզի Բուլոնյան անտառի նմանությամբ: Կառուցվելու են 5 հա հողատարածք զբաղեցնող պուրակներ, լճակներ, ջրային ավազաններ եւ շատրվաններ: Թաղամասի ամբողջ տարածքում երթեւեկությունը կազմակերպվելու է հեծանիվներով եւ էլեկտրական սայլակներով:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ավագանու նիստում հայտնել է, որ շինարարությունն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ բնակելի շենք՝ ընդարձակ կանաչապատ բակերով: Թաղամասում կկառուցվեն եւ կգործեն մի քանի մանկապարտեզ եւ դպրոց:
Ըստ նրա՝ երկրորդ փուլով կկառուցվի բիզնես կենտրոն՝ 15 բազմահարկ շենքերով: Բիզնես կենտրոնը կկառուցվի ֆրանսիացի ներդրողների մասնակցությամբ եւ կհիշեցնի «Դեֆանս» թաղամասի գործարար միջավայրը: Բիզնես կենտրոնում տեղական եւ միջազգային ընկերությունների գրասենյակներ կտեղակայվեն:
Վարդանյանը նշել է, որ երրորդ փուլով նախատեսվում է կառուցել եւս մեկ բնակելի թաղամաս՝ 30 բնակելի շենքերով, եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող, նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց:
Քաղաքապետարանի պաշտոնյան հավելել է, որ Փարիզի համալսարանական լավագույն հիվանդանոցներից մեկի հետ հիվանդանոցը ֆրանսիական բժշկության չափանիշներով կառուցելու, կահավորելու, սարքավորումներով հագեցնելու, ինչպես նաեւ բուժանձնակազմի վերապատրաստման եւ մշտական համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ունեն: