Ըստ ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» գործակալության՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ հաշվի առնելով Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին իրանական դրոնների՝ ուկրաինացի ժողովրդին պատճառած բազմաթիվ ավերածությունները, մահերն ու տառապանքները եւ ՌԴ-ին Թեհրանից զենքի մատակարարման հնարավոր շարունակության մասին հաղորդագրությունները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննարկմանն է ներկայացվել Իրանի հետ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկը։
Կուլեբան ավելացրել է, որ Թեհրանի հետ հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման մասին խոսք կարող է լինել միայն Ռուսաստանին զենքի մատակարարումների դադարեցումից հետո:
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն, որը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հայտարարել էր, որ Եվրամիությունը հետաքննություն կանցկացնի՝ պարզելու, թե արդյոք Ռուսաստանը իրանական հարվածային դրոններ է կիրառում Ուկրաինայում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Իրանից մարտական անօդաչու սարքեր գնելու թեման արհեստականորեն է արտանետվել ամերիկյան լրատվամիջոցներ:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին հոկտեմբերի 17-ին հերքել էր Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար ռուսական կողմին իրանական սպառազինություն մատակարարելու մասին ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ Կրեմլը տեղեկություն չունի Իրանից դրոններ գնելու մասին, բոլոր հարցերը կարելի է ուղղել պաշտպանության նախարարությանը: