Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն հրապարակել է «Աշխարհի որ տարածաշրջանն է ապագայում տիրապետող լինելու համաշխարհային տնտեսության ոլորտում» բավական ուշագրավ թեմայով մի ուսումնասիրություն:
Ըստ Market Watch-ի՝ ուսումնասիրության հեղինակներից մեկը Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, Արվեստների եւ գիտության ամերիկյան ակադեմիայի գիտաշխատող Լոուրենս Կոտլիկոֆն է: Նա դեռ 1970-ականներին մշակել է մի մոդել, որը տնտեսագետները կիրառում են ժամանակի մեջ տնտեսությանը հետեւելու համար։
Հիմնվելով ՄԱԿ-ի դեմոգրաֆիական տվյալների եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ֆիսկալ տվյալների վրա՝ զեկույցի հեղինակները ստեղծել են մի մոդել, որը անվանվում է Գայդարի գլոբալ մոդել։ Այն հիմնված է հինգ հիմնական չափանիշների վրա՝ բնակչության աճ, բնակչության ծերացում, արտադրողականության աճ, բյուջետային շտկումներ եւ ավտոմատացում։
Ըստ այդմ՝ 2017-ի դրությամբ Արեւմտյան Եվրոպային եւ Չինաստանին պատկանում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 17 տոկոսը, ԱՄՆ-ին՝ 16 տոկոսը։ Սակայն մինչեւ 2100 թվականն այս պատկերն ամբողջապես կփոխվի։
Չինաստանն ու Հնդկաստանը կդառնան առաջատար համաշխարհային տնտեսական տիրապետողներ, որոնց բաժին կհասնի համաշխարհային ՀՆԱ-ի համապատասխանաբար 27 եւ 16 տոկոսը, իսկ ԱՄՆ եւ Արեւմտյան Եվրոպայի մասնաբաժինները համաշխարհային ՀՆԱ-ում կնվազեն՝ հասնելով 12-ական տոկոսի։ Եթե 1997-2017 թվականների տնտեսական աճի տեմպերը պահպանվեն նաեւ ապագայում, հնարավոր է, որ Հնդկաստանը նույնիսկ առաջին տեղում հայտնվի՝ համաշխարհային ՀՆԱ-ում ունենալով 34 տոկոս մասնաբաժին։
Այս դեպքում Չինաստանը կլինի երկրորդ տեղում՝ ունենալով 22 տոկոս մասնաբաժին համաշխարհային տնտեսությունից, իսկ ԱՄՆ-ը՝ ընդամենը 10 տոկոս։ Ուսումնասիրողները նշում են, որ Չինաստանում խնայողությունների բարձր մակարդակը կարող է հանգեցնել կապիտալի հավելուրդի։ Սա իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ ազգային խնայողությունների ցածր մակարդակ ունեցող երկրները, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ը, հնարավոր է՝ սկսեն կապիտալի ներկրումը։ Սա իհարկե կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ում նրանց մասնաբաժնի ավելացման, բայց նրանց մասնաբաժինը համախառն ազգային եկամուտում կլինի բավականին ցածր։
Պատրաստեց Արման Գրիգորյանը