Scope վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ Եվրամիությունը կարող է ֆինանսավորել պատերազմից ավերված Ուկրաինային՝ առանց սեփական վարկային ռեյտինգը վտանգելու սպառնալիքի։
Այժմ ԵՄ վարկային ռեյտինգը «AAA» մակարդակի է եւ, ըստ Scope-ի մասնագետների, Եվրամիությունը կարող է հարյուր միլիարդավոր եվրոներ ծախսել Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման պատմական առաքելությունն իրականացնելու համար՝ առանց ռիսկի, որ այդ մակարդակը կնվազի։
Դրա համար անհրաժեշտ է, որ ԵՄ-ին տրվի արտոնյալ վարկատուի կարգավիճակ, որը երաշխավորում է գումարների վերադարձը նույնիսկ այն դեպքում, երբ Ուկրաինան որպես պետություն հայտարարվի սնանկ։ Ըստ Reuters գործակալության՝ Scope-ի մասնագետների հաշվարկներով հետպատերազմական վերականգնման համար Ուկրաինային առաջիկա տասնամյակներին հարկ կլինի ոչ պակաս, քան 350 միլիարդ եվրո։ Դա այն գումարն է, որն անհրաժեշտ կլինի ենթակառուցվածքները վերականգնելու համար։
Եթե ԵՄ-ն այդ ֆինանսավորումն անի, դա կլինի ԵՄ պատմության մեջ տրամադրված ամենախոշոր վարկը։ Սա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Իտալիան եւ մյուս անդամ պետությունները, ըստ պայմանավորվածությունների, մինչեւ 2058 թվականը ԵՄ-ին վճարեն Next Generation EU հիմնադրամից տրված իրենց պարտքերը։
«Ուկրաինային նման աջակցության տրամադրումը զգալիորեն կավելացնի եվրոարժեթղթերի թողարկումը եւ ավելի կուժեղացնի ԵՄ ներկայությունը կապիտալի շուկաներում»,- վստահ է հետազոտության հեղինակ Ալվիս Լենխ-Յունուսը։ Այս ամենով հանդերձ կան նաեւ կողմնակի բացասական հետեւանքների ռիսկեր։
«ԵՄ ակտիվների որակը կվատանա առնվազն մինչեւ Ուկրաինայի վարկունակության բարձրանալը»,- արձանագրել է վերլուծաբանը։ Ներկայում, Scope-ի գնահատմամբ, Ուկրաինայի վարկունակությունը «CC» մակարդակի է։
Ընդ որում՝ կանխատեսումները բացասական են, եւ առկա է դեֆոլտի մեծ ռիսկ։ Եթե Եվրամիությունը 350 միլիարդ եվրո տրամադրի Ուկրաինային, Կիեւը ստիպված կլինի չորս տասնամյակ շարունակ տարեկան 10 միլիարդ եվրո վճարել Բրյուսելին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը