Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ։
Հայտարարությամբ ԵԽԽՎ պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերելու զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին։
«Ադրբեջանը հարված է հասցրել նաեւ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Վերջին բախումները հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել, դրանց թվում քաղաքացիական անձանց շրջանում։ Կան խոշտանգումների վկայություններ: Դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»,– նշված է հայտարարությունում։
ԵԽԽՎ պատգամավորներն անդրադարձել են նաեւ վերջերս համացանցում տարածված հայ ռազմագերիների սպանություններին. «Դատապարտում ենք կանխամտածված սպանությունները, խոշտանգումները եւ անմարդկային վերաբերմունքը ռազմագերիների եւ գերեվարված հայերի նկատմամբ»։
Նրանք կոչ են արել Ադրբեջանին զերծ մնալու Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հետագա ոտնձգություններից եւ մասնակցելու բանակցային խաղաղ գործընթացին։