Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները հոկտեմբերի 18-ի երեկոյան այցելել են Գեղարքունիքի մարզ։
Մարզպետը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետեւանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։
ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության ղեկավար Ջան Փլեսինջերն էլ իր հերթին ներկայացրել է իրենց առաքելության հիմնական նպատակները։ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները պետք է հետեւեն երկու կողմերի՝ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ աջակցեն սահմանային հանձնաժողովների գործունեությանը:
Ադրբեջանական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տրամադրել նաեւ հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Նա կարեւորել է ԵՄ պատվիրակության առաքելությունը` նշելով, որ այն հնարավորություն կտա օբյեկտիվ գնահատելու հրադադարի խախտման դեպքերը։