«Ազատություն» ռադիոկայանի Բիշքեկի ծառայությունից հայտնել են, որ Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեքբոլոտովը հոկտեմբերի 19-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ քննարկել է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակը:
Բեքբոլոտովը Զասին ասել է, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ խաղաղություն չի լինի, քանի որ ղրղզներն ունեն իրենց ճշմարտությունը, իսկ տաջիկներն՝ իրենց։ Ղրղզստանի պաշտպանության նախարարն առաջարկել է, որ իրենց միջեւ կանգնի «երրորդ դատավորը, օրինակ՝ ՀԱՊԿ-ից»:
«ՀԱՊԿ փոքր զորախումբն իր առաջադրանքներով կվերահսկի հրադադարի ռեժիմը եւ կհեռացնի պետական սահմանից ծանր սպառազինությունը։ Եթե նրանք լուծեն այս երկու հարցերը, ուրեմն կարելի է սկսել քննարկել ղրղզա-տաջիկական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման քաղաքական խնդիրները»,- շեշտել է Բեքբոլոտովը։
Միեւնույն ժամանակ Բեքբոլոտովը Ղրղզստանի քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ բանակին քննադատելուց, քանի որ քաղաքացիների որոշ հայտարարություններն օգնում են ապակառուցողական ուժերին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը առաջարկի վերաբերյալ առայժմ հրապարակավ չի արտահայտել իր տեսակետը: