ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես եւ ամերիկյան քաղաքական վերնախավի այլ դեմոկրատներ մտմտում են մի քանի սցենար, որոնց կիրառմամբ հնարավոր է մեղմել նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով կրճատման մասին ՕՊԵԿ-ի որոշման հետեւանքները։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն զուտ տնտեսական է, այլեւ քաղաքական, քանի որ ՕՊԵԿ-ի որոշումը ոչ միայն հանգեցնում է ԱՄՆ-ում բենզինի թանկացմանը, այլեւ հարվածում է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններին։
Միջանկյալ ընտրությունների շեմին կխարխլվի նաեւ անձամբ նախագահ Բայդենի հեղինակությունը, քանի որ Բայդենն այս տարվա հուլիսին հայտարարել էր, թե Սաուդյան Արաբիայի ղեկավարող շրջանակների հետ կարողացել է հասնել որոշակի պայմանավորվածությունների, որոնցով հնարավորություն է ստեղծվել վառելիքի գնաճի դեմն առնելու։
Ներկայում Սպիտակ տունն ու Կոնգրեսը ամերիկյան սպառողներին պաշտպանելու մի քանի տարբերակ են մշակում։ Տարբերակներից են շուկայի ազատագրումը ՕՊԵԿ վերահսկողությունից, էներգառեսուրսների արտահանման սահմանափակումը, ոչ բարեկամ նավթ արդյունահանող երկրների հանդեպ սանկցիաների մեղմացումը։
Պարզ չէ, թե ինչ որոշում կընդունվի, սակայն, ըստ Politico հանդեսի, նշված բոլոր տարբերակներն էլ որոշակի ծանր հետեւանքների կհանգեցնեն, ինչպես նաեւ որոշակի վնաս կհասցնեն ամերիկյան շահերին։ Սցենարներից մեկով էլ ԱՄՆ-ը կարող է դատի տալ նավթային կարտելին՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար։ Սպիտակ տունն ու Կոնգրեսը օրենք են մշակում դրա մասին։
Ու մինչ քաղաքական գործիչները փորձում են առավելագույնս հավասարակշռված լուծումներ գտնել, շուկայի վերլուծաբանները նկատում են, որ առաջարկների մի մասը անլիարժեք ու անգամ աղետաբեր են։ Բացի դրանից՝ շուկայի վերլուծաբանները քաղաքական գործիչներին խորհուրդ են տալիս պարզապես «բերանները փակել ու լռել», քանի որ բենզինի գնի նվազեցման համար քաղաքական ինչ միջոցառում էլ ձեռնարկվի, դա երկարատեւ պլանավորում կպահանջի, ինչն այս պահին տնտեսապես ձեռնտու չէ։
Նավթային ոլորտի շատ մասնագետներ առաջարկում են պարզապես հույսը դնել սեփական ուժերի վրա ու ՕՊԵԿ-ից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար սկսել ավելի շատ վառելիք արտադրել տեղում: Սակայն այստեղ էլ կան մտավախություններ, որ Սպիտակ տան վարչակազմը կհայտնվի բնապահպանների քննադատությունների թիրախում։ Իհարկե քննարկվում է նաեւ հենց Սաուդյան Արաբիայի վրա ճնշում գործադրելը, ընդհուպ ռազմական գործակցության խզում, սակայն դա կարող է առհասարակ դրամատիկ հետեւանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության եւ տարածաշրջանում ամերիկյան ազդեցության առնչությամբ։
Հասկանալի է, որ դեմոկրատական մեծամասնությունն ընտրություններից առաջ հայտնվել է բարդ իրավիճակում, իսկ մրցակից հանրապետականները անխնա քննադատում են Սպիտակ տան էներգետիկ ոլորտում ներկայում վարվող քաղաքականությունը՝ միջանկյալ ընտրությունների շեմին նկատելի քաղաքական դիվիդենտներ հավաքելով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը