Իսրայելի նախկին վարչապետ, երկրի գլխավոր ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե մտավախություն ունի, որ եթե Իսրայելը զենք մատակարարի Ուկրաինային, այդ զենքը կարող է հայտնվել Իրանի ձեռքում եւ կիրառվել Իսրայելի դեմ։
Ավելի վաղ՝ ՌԴ-ին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման մասին տեղեկությունների հրապարակումից հետո, հակառակ նրա, որ Թեհրանն ու Մոսկվան հերքել են դրանք, Իսրայելի սփյուռքի նախարար Նահման Շայը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային:
Նեթանյահուն հարցազրույցում ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին կոչ է արել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չչեղարկելու եւ հավատարիմ մնալու Թեհրանի նկատմամբ հետեւողական քաղաքականությանը։
Անդրադառնալով Կիեւի այն մեղադրանքներին, թե Իսրայելն իրենց զենք չի մատակարարում, Իսրայելի նախկին վարչապետը նշել է, որ իրենց երկիրն ընդունել է բազմաթիվ ուկրաինացի փախստականների եւ մարդասիրական աջակցություն է ցուցաբերում:
Ուկրաինա ՌԴ ներխուժման սկզբից Իսրայելը Կիեւին միայն մարդասիրական օգնություն եւ պաշտպանության միջոցների սահմանափակ խմբաքանակ է տրամադրում քաղաքացիական արտակարգ ծառայությունների աշխատակիցների համար։