ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը մինչ այս պահը խոչընդոտում է ՀՀ բռնազավթված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացումը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թորոսյանը նշել է, որ Հայաստանի Կառավարությունը, պաշտպանության նախարարությունը միջնորդների եւ միջազգային գործընկերների ներգրավմամբ այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում:
«Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Պիտի արձանագրենք նաեւ, որ մինչ այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացումը»,- նշել է Թորոսյանը։
Աստանայում հոկտեմբերի 14-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերումը։